ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «3 տարի առաջ կատարվածը ամբողջ աշխարհին ի ցույց էր, որ ցանկացած ժամանակահատվածում հայ ժողովուրդը կարող է լինել միասնական», եթե խոսքը անվտանգության մասին է. «Մենք պատրաստակամ ենք մեր ունեցածը պահպանելու: Դա աներեւակայելի բան էր, կարելի է ասել՝ անսպասելի ինչը որ կատարվեց, որովհետեւ նման հանկարծակի ներխուժումը, հանպատրաստից ներխուժում էր, որը դիմակայվեց մեր զոհերի կողմից, խոնարհվում եմ նրանց մայրերի առաջ: Դա պետք է դաս լիներ Ալիեւին, որ չի կարելի նման լեզվով խոսել մեր երկրի հետ: Դա է եղել խորհուրդը»: Նա ասաց, որ անկախ քաղաքական վայրիվերումներից, նման իրավիճակների դեպքում մեր ազգը միասնական է:
Հարցին՝ այսօր պատգամավորները նշում էին, որ 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված պատշաճ քննություն անցկացնելու կարիք կա, դուք տեսնո՞ւմ եք դրա կարիքը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն, ցանկանում են ի՞նչ քննություն անցկացնել: Ես իրենց խորհուրդ կտամ, եթե այլ գործ չունեն զբաղվելու, թող զբաղվեն դրանով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ