Գյումրու պատմական միջուկում գտնվող Շիրազի անվան փողոցը, որի շինաաշխատանքները դեռ չսկսված՝ դադարեցվել էին՝ սթրեսի մեջ գցելով փողոցի բնակիչներին, հյուրանոցների, խանութների ու սրճարանների տերերին, այժմ բավական արագ վերանորոգվում է։ Այստեղ ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, որը և փոխել է փողոցի բնակիչների ու սպասարկման օբյեկտների տերերի մռայլ տրամադրությունը։
Հիշեցնենք, որ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող այս փողոցը ևս վերանորոգվում էր նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագրի շրջանակում․ ընդհատված փողոցաշինությունը բնակիչների մոտ մտավախություն էր առաջացրել, թե իշխանափոխության պատճառով երևի թե այդպես էլ կիսատ կմնա։
Կարեն Կարապետյանն առաջարկում էր այս փողոցը կարմիր գույնով ասֆալտապատել, ու որքան էլ ինքնատիպ ու դյութիչ էր առաջարկը, քաղաքային իշխանությունները ստիպված էին հրաժարվել՝ պատճառաբանելով, որ թանկ հաճույք է։
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետարանից մեզ պարզաբանեցին, որ Համաշխարհային բանկի միջոցներով վերանորոգվող փողոցների շինաշխատանքների վերջնաժամկետը հունիսի 1-ն է, իսկ ՎԶԵԲ-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով վերանորոգվող փողոցներինը՝ հունիսի 30-ը։
Քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ շինաշխատանքների ընթացքում Շիրազի անվան փողոցում ջրատար է բացվել, մշակույթի նախարարությունն ուսումնասիրություններ է կատարել, քաղաքապետարանը սպասում է պատասխանի՝ հասկանալու՝ իրոք ջրատա՞ր է, թե՞ քյարիզ (գետնի տակ գտնվող ջրի ակունք, ստորգետնյա ցանց.- Ն. Ա.) է ու պատմական ինչ արժեք է ներկայացնում։
Նշենք, որ Շիրազի անվան փողոցը վերանորոգվում է Համաշխարհային բանկի միջոցներով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ