Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 1-ին առանձնակի դաժանությամբ որդու կողմից սպանված 49-ամյա կինը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դասվար Նաիրա Մեջանյանն (լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից) էր:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել երեկ ժամը 20:00-ի սահմաններում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
«Ինքը մեզ մոտ դասվար էր աշխատում արդեն 18 տարի: Ինքը պատասխանատու էր ողջ ուսումնական գործունեության համար, կրտսեր դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի էր»,- Aravot.am-ի տեղեկությունը հաստատեց ճեմարանի կրտսեր դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը:
Մեր տեղեկություններով՝ սպանություն կատարելու մեջ մեղադրվող Հակոբ Խանամիրյանը՝ սպանվածի որդին, նույնպես այդ ճեմարանում է սովորել, բայց հեռացվել է ճեմարանից, այս տեղեկությունը մեր զրուցակիցը չհերքեց, բայց մանրամասներ էլ չկարողացավ ներկայացնել. «Դա շատ վաղուց է եղել, այդ երեխայի հետ կապված որեւէ տեղեկատվություն չեմ կարող տալ: Նախքան իր՝ մեզ մոտ սովորելը ես այստեղ չեմ աշխատել: Որեւէ բան իր տղայի հետ կապված չենք իմացել, երբեք չենք խոսել, որ տղայի հետ խնդիրներ ունի, թե չունի, ոչ ես եմ տեղյակ եղել, ոչ էլ իր մտերիմ ընկերուհիները կամ գործընկերները: Մեզ համար այնքան հանկարծակի ու անակնկալ էր կատարվածը, որ չենք էլ կարողանում հասկանալ, մարսել, ընկալել»:
Կարդացեք նաև
Կան տեղեկություններ նաեւ, որ սպանված ուսուցչուհու որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի ու սպանությունը կատարելուց առաջ իմացել է, որ իրեն տանելու են հոգեբուժարան ու դրա համար էլ կատարել է սպանությունը, այս տեղեկությունը մեր զրուցակիցը չհաստատեց:
Սպանված կինը բնակվում էր ամուսնու, երկու որդիների ու սկեսրոջ հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ