Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի արձագանքը՝ լրագրողներին. նա ասուլիս է հրավիրելու

Ապրիլ 02,2019 18:02

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եռաբլուր էր այցելել: Նա ծաղիկ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, հետո ապրիլյան հերոսների շիրիմներին մի-մի փունջ ծաղիկ դրեց ու խոնարհվեց:

Սերժ Սարգսյանին լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին՝  Դավիթ Տոնոյանի հայտարարության, ներկայիս բանակցային գործընթացի, ապրիլյան պատերազմի որոշ հանգամանքների ուսումնասիրության, ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ, բայց նա անդրդվելի էր, չէր պատասխանում:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեսնելով, որ չնայած Սերժ Սարգսյանի լռությանը, լրագրողները համառորեն շարունակում են հնչեցնել իրենց հարցերը, արձագանքեց, որ «հարգելի լրագրողներ, ձեր բոլոր հարցերին ես պարոն Սարգսյանին ճանապարհելուց հետո կպատասխանեմ»:

Լրագրողները հիշեցրին Աշոտյանին, որ ասում էր՝ «ես Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եմ, բայց իրավասու չեմ պարոն Սարգսյանի անունից խոսելու»: Սերժ Սարգսյանը հազիվ էր զսպում ծիծաղը:

Աշոտյանն արձագանքեց, որ ինքը Սերժ Սարգսյանի անունից չի խոսելու, այլ նրա թույլտվությամբ: Իսկ թե ինքը՝ երրորդ նախագահը ե՞րբ է խոսելու, արդյոք այս մոտ մեկ տարվա լռությունը բավարար չէ՞ր, պարզվեց՝ մոտ ժամանակներս պատրաստվում է ասուլիս հրավիրել:

Հարցին՝ ե՞րբ եք խոսելու՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Երբ ժամանակը գա»:

Լրագրողները հարցրեցին՝ քաղաքացիները ձեր հրաժարականի օրը որպես տոն են նշելու, ի վերջո ձեզ հետաքրքիր չէ՞ ինչու հարյուր հազարավոր քաղաքացիներ ձեզ մերժեցին՝ Սերժ Սարգսյանը շրջվեց եւ հետաքրքրվեց՝ իսկ ո՞վ է այդ ձայնով խոսողը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930