Լրահոս
Օրվա լրահոսը

Չոփուրյան՝ ազգանունից մինչև հավասարակշռություն կամ «ես անդավաճան եմ նորաձևությանը»

Ապրիլ 02,2019 17:52

Իրավաբան, մշակութաբան, դիզայներ, ռեժիսոր… սակայն նորաձևությունը մնաց այն, ինչին անդավաճան եմ: Ահա այսպես պատմեց իր մասին մեր հերոսը՝ Անի Չոփուրյանը, որը «Չոփուրյան» ապրանքանիշի հիմնադիրն է: Ինչպես հասկացաք՝ Անին մոդելավորող է: Ասում է՝ կյանքում ամենահրաշալին մասնագիտության և գումարի մեջ հավասարակշռություն գտնելն է, իսկ իր կյանքում այդ ամենահրաշալին արդեն կատարվել է: Դե՛, գնանք բացահայտելու այդ հավասարակշռություն

-Ո՞վ է Անի Չոփուրյանը:

-Մոտ տասը տարի առաջ ցանկանում էի փաստաբանների պալատ ընդունվել, իրավաբանական կրթությունը շատ լրջմիտ էր տեղավորվել գլխումս, հստակ որոշել էի այս ու այն կողմ չտարուբերվել ու չէի էլ մտածի, որ մի օրում կկոտրվեմ՝ իմ մեջ գտնելով այն, ինչ չէի բացահայտել: ԵՊՀ-ում մշակութաբանություն ուսումնասիրելուց սկսվեց իմ ճանապարհը, ապա ավարտեցի Մարանգոնի ինստիտուտի հագուստի դիզայնի դասընթացը, չբավարարվելով ինձ փորձեցի նաև ռեժիսուրայի մեջ: Սակայն նորաձևությունը մնաց այն, ինչին անդավաճան եմ:

Անին պատմեց, որ մանկուց շատ լուրջ է վերաբերել հագուստին, միշտ ընտրել է այն, ինչ մի քիչ ուրիշ էր՝ աչք ծակելու կամ ուշադրության կենտրոնում լինելու միտում չունենալով: Ասում է, որ հիմա շատ պասիվ է հագնվում ՝ ընտրելով ամենամինիմալ ու թեթև հագուստը. «Այս փոփոխությունը ինձ էլ զարմացրեց կարճ ժամանակի ընթացքում: Հագուստի նկատմամբ իմ լուրջ վերաբերմունքը գնալով աճում է, քանի որ այն ժամանակակից աշխարհի առաջնային գոտին է՝ ներկայանալու, ճաշակ ու մասնագիտություն ներկայացնելու իմաստով: Մենք շատ հաճախ ենք հայտնվում այնպիսի վայրերում, որտեղ մեզ չեն ճանաչում ու խոսելու, ներկայանալու հնարներ չունենք, հագուստը գալիս է առաջին պլան ու ներկայացնում՝ ով ենք, ուր ենք գնում, ինչ ճաշակ ու մտածելակերպ ունենք»:

Նկատեց նաև, որ ամենամեծ ցավն իր համար այն է, որ կինը չգիտի ինչպես գեղեցկացնել ինքն իրեն՝ խույս տալով անհարմար ճոխություններից, տրենդերից ու այն ամենից, ինչը տձևացնում է. «Մեր իրականության մեջ «ի՞նչ հագնել»-ուն ուղղված միտքը շատ ենք տգեղացնում, իրար շատ ենք նմանվում, կաղապարվում»:

-Սա հոբբի՞ է, թե՞ վերածվել է նաև գումար աշխատելու այնպիսի միջոցի, որից կտրվել այլևս հնարավոր չէ:

-Կարծում եմ՝ հոբբին ժամանակավոր բնույթ ունի, որը տարիքի ու դրության հետ փոփոխվում է: Մոդելավորմանը դադարել եմ մոտենալ որպես հոբբիի շատ տարիներ առաջ: Կյանքում մասնագիտության ու գումարի միջև հավասարակշռություն գտնելն ամենահրաշալին է, որ կարող է կատարվել: Իմ կյանքում այդ հավասարակշռությունն արդեն գտել եմ:

 -Ապրանքանիշիդ անունը նաև ազգանունդ է, կամ ազգանունդ ապրանքանիշիդ անունն է. ինչո՞ւ որոշեցիր այսպես կոչել այն, հաջողությունդ ազգանվանդ մեջ ես տեսնո՞ւմ:

-Ես կյանքս եմ տեսնում ազգանվանս մեջ: Ոչ մի հաջողություն կամ ձախողում անմիջական կապ չունի դրա հետ: Իսկ Անի անունը իմ սերնդակիցների մեջ բավական տարածված է, ինչի պատճառով ինձ շատ հաճախ ազգանվամբ էին դիմում, արդյունքում՝ ես ավելի շատ Չոփուրյան եմ եղել, քան Անի: Չեմ կարող չնշել, որ իմ ցեղի վերջին Չոփուրյանն եմ ու ազգանունս արժեք դարձնելն առաջնային էր ինձ համար:

 -Մասնագիտությունդ միշտ ինձ համար հետաքրքիր է եղել այն կտրվածքով, որ մոդելավորողները ստեղծում են զգեստներ, որով պիտի «պատենավորեն» դիմացինին: Իրականում ինչպե՞ս ես կարողանում այնպես անել, որ պատվիրատուդ իրեն ոչ թե պատյանի մեջ զգա, այլ իրեն զգա մեկը, որը ամենագեղեցիկն է լինելու՝ հագուստդ կրելով:

-Յուրաքանչյուր ստեղծագործող՝ հատկապես հագուստի արվեստի շրջանակում, պատենավորում է մարդուն: Նկատած կլինեք, որ մեզնից շատերը սիրում են կրել հագուստներ, որտեղ նշված է ապրանքանիշի անվանումը, մենք սիրում ենք մեզ պատենավորել և օգտագործել արդեն հայտնի ու լրջմիտ ապրանքանիշերի անունը՝ ցուցադրելու մեր թե՛ սոցիալական մակարդակը, թե՛ ճաշակը: Ես խուսափում եմ մեծ լոգոների օգտագործումից՝ ավելի լուրջ ակցենտ դնելով ձևի ու ձեռագրի վրա, ինչն արդեն միջոց է տարբերելու «Չոփուրյանը»: Յուրաքանչյուր դեպքում մարդ պատենավորվում է, անգամ մեր անձնագրերում ենք կոդավորված, ու դա ամենանորմալ երևույթն է: Այստեղ պարզապես մնում է մարդու ընտրությունը. եթե սիրում է ձեռագիրդ, ուրեմն կպատենավորվի:

Չոփուրյանին խնդրեցինք պատկերացնել, որ պատվեր է ստացել ու նկարագրել, թե ինչպես է սկսվում այդ ամբողջ գործընթացը, ասաց, որ շատ հարաբերական է ու կախված է, թե ինչ հոգեվիճակում է. «մտքերս չեն սպառվում, բայց հասկացել եմ, որ ինչ-որ բան ստեղծում եմ միայն կատարյալ լռության մեջ: Գործընթացը սկսում եմ մարդուն ընկալելուց՝ պատկերացնելով՝ ով է ու ուր է գնում: Էսքիզներն արագ են գալիս, ու սկսվում է ամենասիրելի էտապը, երբ այն ստեղծում ես»:

Անկեղծացավ, որ եղել է դեպք, որ կատարած աշխատանքի արդյունքն այնքան է հավանել, որ ինքն է ցանկացել կրել, չտալ պատվիրատուին. «ափսոսում էի էմոցիաներս, ջանքերս, հիշողություններս դրանից բաժանվելու համար»:

Պատմեց, որ ամենամեծ դժվարությունն ունեցել է հարսանեկան հագուստի պատրաստման ընթացքում, քանի որ ըստ մեր զրուցակցի՝ յուրաքանչյուրը հարսանիքին մոտենում է ամենայն զգացմունքայնությամբ ու լրջությամբ. «Ես այնքան էի տարվել հագուստի անթերի լինելու խնդրով, որ չէի կարողանում կենտրոնանալ գործընթացի վրա»:

Իսկ Չոփուրյանի գործունեության «երջանիկ պատվերը» սա էր. «Մի օր նամակ ստացա Ուկրաինայում բնակվող մի աղջկանից, որը շատ մեծ ոգևորությամբ գրում էր, թե ինչքան է հավանում այն, ինչ ստեղծում եմ: Նամակի վերջում խնդրեց, որ մի հագուստ ստեղծեմ՝ չպահանջելով էսքիզներ: Նմանատիպ մեծ վստահությունն ամենամեծ ուրախությունը բերեց ինձ»:

 -Ի՞նչն է ոգեշնչում Անիին:

-Ինձ ոգեշնչում են միայն կտորները /ժպտում է –հեղ./:

-Իսկ կա՞ն մարդիկ, միգուցե հենց նորաձևության ասպարեզից, որոնցից ոգեշնչվում ես:

-Ինձ ոգեշնչում է Դիորը, վերջինիս մեջ շատ մեծ էսթետիկա կա, մինիմալիզմ, բարձրաճաշակություն, փառավորություն, լույս, գույն, ձև: Ավանգարդի մեջ տարվում եմ Իրիս Վան Հերփենի աշխատանքներով: Շատ խնամքով է օգտագործում այն, ինչ մտքիդ մեջ չէր տեղավորվի. անսպառ է թվում:

-Մեկ բառով նկարագրի՛ր հենց աշխատանքային գործընթացը:

-Մեկ բառով նկարագրելու դեպքում կընտրեմ էմոցիոնալ բառը: Առանց խառը մտքերի, էմոցիաների աշխատանքային գործընթացը չի ստացվում:

-Արտերկրից համագործակցության առաջարկներ եղե՞լ են կամ կա՞ն:

-Արտերկրից համագործակցության առաջարկներ շատ են եղել ու կան: Դեռևս «Չոփուրյան»-ի գոյության երրորդ տարում հրավեր ստացա հավաքածուն Փարիզի նորաձևության շաբաթի շրջանակներում ցուցադրելու համար, դրան հաջորդեցին Միլանի, ապա Ստամբուլի նորաձևության շաբաթները: Նամակներ ստացա վրացական մի քանի ապրանքանիշերից համագործակցության համար:

-Ո՞րն ես համարում այսքան ժամանակ գրանցածդ ամենամեծ հաջողությունը: Տեսա նաև, որ մի քանի մրցույթների հաղթող ես. կպատմե՞ս մեզ դրա մասին:

-Մի օր որոշեցի մասնակցել Բիլբաո միջազգային նորաձևության և դիզայնի մրցույթին, ինչի համար հագուստը պետք էր ուղարկել Իսպանիա. կարճ ժամկետներ ունեի ու սեղմ միջոցներ: Վերջին դրամս տվեցի հագուստն ուղարկելու համար՝ առանց մտածելու՝ վաղն ինչ եմ անելու: Երկար ժամանակ լուր չունեի, չէի էլ կարող տեղեկանալ, թե հագուստը ուր է հասել: Ստեղծագործության անունն «Ասպրամ» էի դրել, ամեն օր խոսում էի, որ «Ասպրամ»-ը Իսպանիա է գնում ու սպասում էի իմանալու՝ ինչ է կատարվելու: Ամիսներ անց պատասխան ստացա, որ հրավիրված եմ Բիլբաոյի հագուստի թանգարանի ցուցադրությանը, որտեղ «Ասպրամ»-ն էր ներկայացված, արդյունքում՝ այն երրորդ տեղում հայտնվեց ու նվիրեցի թանգարանին: Մոտ ժամանակներս կգնամ «Ասպրամ»-ին այցի: Սա համարում եմ գրանցածս ամենամեծ հաջողությունը:

 -Երիտասարդ ես, հաջողությունների ես հասել. որո՞նք ենք այն դժվարությունները, որոնց միջով անցել ես այսքանին հասնելու համար:

-Նմանատիպ ասպարեզում ամենատարածված խոչընդոտին հանդիպել եմ նաև ես, երբ ծանոթ-անծանոթ ասում են, որ երկնքից ես իջել ու չես պատկերացնում գաղափարներիդ բարդությունը, շատ հաճախ ասել են, որ հատկապես ՀՀ-ում ավանգարդային նորաձևությամբ զբաղվելը առնվազն հիմարություն է: Ամեն անգամ նման խոսակցություններից տարակուսել եմ, բայց մտքումս միշտ կրկնվել է մի բան. ես դա ուզում եմ էգոիստաբար:

-Ո՞րն է ամենամեծ երազանքդ:

-Անդադար մտածում եմ Հայաստանի՝ որպես նորաձևության երկրի զարգացման մասին: Գրեթե երազում եմ տեսնել, որ նորաձևության բարձր արվեստը հետաքրքիր է դառնում, ինդուստրիան շնչում է:

 -ՀՀ-ում քո մասնագիտության դեպքում կա՞ անհրաժեշտ հարթակը ինքնադրսևորվելու համար:

-ՀՀ-ում կան նեղ հարթակներ, որոնք վերածվել են ինքնաբավ բիզնեսների: Նորաձևությունն ու մոդելավորումը չեն ենթադրում ատելյեյի կամ բուտիկի բացում, որտեղ կարելի է ներկրած հագուստ վաճառել: Այսօր Երևանում բարձր արվեստով զբաղվողների չեմ հանդիպում: Ինքնադրսևորվելը դառնում է ինքնասպասարկվելու նման մի բան, մեր քաղաքում գրեթե հարյուրից ավել դիզայներներ կան, որոնք ստեղծագործում են ոչ թե դիզայնի, այլ այն, ինչ կծախվի սկզբունքով:

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք ունեն նմանատիպ տաղանդ, բայց վախենում են այն բացահայտել:

-Վերջերս նորաձևության դասընթացներ եմ կազմակերպում, շատ տարբեր մարդկանց եմ հանդիպում, մեծ մասն անկայուն են, անինքնավստահ, վախվորած: Կարծում եմ՝ եթե տաղանդ ունես, կանգնեցնել չի լինի, տաղանդին դեմ չեն կանգնում անգամ աշխարհի ամենափոքր ու մեծ փողերը: Եթե տաղանդ ունես, ներսում չի մնա: Այստեղ հարցն այն է, թե որքան ճիշտ կկրթես ու կձևավորես քեզ, որպեսզի կուլ գնան բոլոր վախերդ:

 -Եվ վերջում՝ ի՞նչ պլաններ կան ապագայում:

-Պլաններն այնքան շատ են, որ կասեմ հետևյալը. սպասե՛ք Երևանում նորաձևության առաջին թանգարանի բացմանը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Անի Չոփուրյանի անձնական արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930