Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Մուրադյանի սպանության գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջը մշտապես լինելու է հանրային վերահսկողության ներքո. ՀՅԴ

Ապրիլ 02,2019 18:16
hyd

2019 թվականի ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության 6-րդ տարելիցը: Սա ազգային արժանապատվության և հայոց պետականության վրա կրակոց էր, որը երբեք անհետևանք չի մնում:

2016 թվականի այս նույն օրը թշնամին էր կրակում հայրենիքի պաշտպանի վրա: Խոնարհում և հարգանքի տուրք ապրիլյան պատերազմի մեր հերոսներին:

Վերլուծելով սպանությանը հաջորդող ժամանակաշրջանում այս գործի բացահայտմանն ուղղված հանրային պահանջն ու պատկան մարմինների վարքագիծը,

Արձանագրում ենք՝

1. Հանրությունը պահանջում է այս ոճրագործության կազմակերպիչների, կատարողների, պատվիրատուների և օժանդակողների ամբողջական բացահայտում և պատասխանատվության կիրառում:

2. Հանրային մեծ հեղինակություն վայելող, համայնքի ղեկավարի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, իր իսկ աշխատանքային տարածքում իրականացված այս հանցագործությունը սոսկ մեկանգամյա գործողություն չէր, այլ նաև արդյունք պետական և հատկապես իրավապահ համակարգի անտարբերության:

3. Հրաչ Մուրադյանի սպանությանը նախորդել էին նրա կյանքին վերջ տալու հանցավոր փորձեր, որոնց հանդեպ իրավապահ համակարգի անգործությունը նաև հանգեցրեց 2013թ. ապրիլի 2-ի ոճրագործությանը:

4. Շարունակվող անտարբերության գլխավոր պատճառը, թերևս այն է, որ Հրաչ Մուրադյանը չէր հանդիսանում իշխող ուժի ներկայացուցիչ: Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, սակայն չեն փոխվել մոտեցումները: Արդարադատության հարցում իշխանությունները դեռ սահմանափակվում են միայն իրենց քաղաքական հետաքրքրություններով: Սա հեղինակազրկում է պետության իրավապահ համակարգը:

5. Հանցագործության բացահայտման առումով չկա որևէ տեղաշարժ: Նախընթաց ժամանակահատվածը առայժմ հաստատում է այս հարցում երկրի իրավապահ համակարգի անկարողությունը:

Ավելին՝ հանցագործությունների հաջորդականությունը քննչական մարմինների կողմից ոչ միայն չի դիտարկվել որպես մեկ նպատակի՝ Հրաչ Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման շղթա, այլև շատ հաճախ տեղի են ունեցել փաստերի աղավաղում, քողարկում, իրական ապացույցների ձեռքբերման անհետևողականություն:

Արդյունքում սպանությունը բացահայտված չէ, գործի քննությունը չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ու չի ձևավորել գործի կասեցման պատշաճ լինելու անհրաժեշտ համոզում:

Առ այդ,

Պահանջում ենք՝

1. Վերսկսել քրեական գործի վարույթը,

2. Փոխել քննչական ենթակայությունը,

3. Քրեական գործն ամբողջացնել Հրաչ Մուրադյանին կյանքից զրկելու հաջորդաբար իրականացված բոլոր գործողություններով,

4. Բացահայտել ապացույցների քողարկման և անտեսման իրական շարժառիթները, մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության,

5. Ակտիվ և հետևողական ջանքեր գործադրել գործին առնչվող բոլոր ապացույցների հայթայթման և վկաների ներգրավման համար,

6. Գլխավոր դատախազի երաշխավորումն ու անմիջական ներգրավումը՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացմանը:

 

Հայտարարում ենք՝

Հրաչ Մուրադյանի սպանության գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, որպես հանրային լայն հնչեղության հանցագործության բացահայտման, ինչպես նաև մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջը մշտապես լինելու է հանրային վերահսկողության ներքո:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

02 ապրիլի 2019 թվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930