Լրահոս
Օրվա լրահոսը

Էմուլսիայից` պապիե-մաշե. այսպես են ստեղծվել հեղափոխական Անհաղթ աքլորն ու Ոսկե ձկնիկը

Ապրիլ 02,2019 17:23

«Տիկնիկագործի աշխատանքը սահմանափակումներ չունի, անհրաժեշտ է ձեռքի շնորհք, երևակայություն և մեծ համբերություն»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց տիկնիկագործ Անահիտ Պողոսյանը: Նա 30 տարուց ավելի է, ինչ աշխատում է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Նոր ներկայացման համար պատրաստվող ոզնու գլխին էմուլսիա քսելով՝ ասում է. «Ամեն ներկայացման հետ մի նոր բան ենք սովորում, ու եթե չսիրես այս աշխատանքը, չես հասնի ցանկալի արդյունքի»:

Ամեն մեկն իր գործն անելուն զուգահեռ փորձում էր հիշել` ի՞նչ հետաքրքիր դեպքեր են պատահել աշխատանքի ընթացքում, բայց չէին կողմնորոշվում` որը պատմեն, որը թողնեն:

«Նկարիչը էսքիզով եկել էր, փորձում էին ինքն ու Անահիտը հասկանալ` ինչ ստանալ, ինչ չստանալ: Նկարիչը չէր կողմնորոշվում, թե ինչ է պետք անել, Անահիտն ասաց` կլինի՞ ինձ երկու օր հանգիստ թողնես, ու երկու օր հետո տիկնիկն արդեն պատրաստ էր: Նկարիչը շատ էր ուրախացել, նա չէր խառնվել ո՛չ պրոցեսին, ո՛չ ձևին, ո՛չ որակին, այսպես ասած` հանգիստ էր թողել: Այսինքն՝ նկարիչն ու ռեժիսորը մեկ-մեկ պետք է վստահեն տիկնիկագործին, որովհետև փորձն ամեն դեպքում իր գործն անում է»,- երկար մտորումներից հետո ասաց նկարիչ-տիկնիկագործ Հասմիկ Գասպարյանն ու հավելեց`«եթե չկա ազատություն, չկա արվեստ, կմնա սովորական արհեստը, որը ոչ մեկին պետք չէ»:

Տիկնիկների պատրաստման գործընթացին նախորդում է ոչ պակաս կարևոր էսքիզների փուլը, որը պահանջում է ամիսների աշխատանք:

Նկարիչ, քանդակագործ Եվգինե Օնանյանը ցույց տվեց քանդակների սենյակը, որտեղ պատրաստում են կավից քանդակները, հետո հանում են արդեն իսկ ձևավորված գիպսը, որից հետո տիկնիկագործները սկսում են պապիե-մաշեի գործընթացը:

Տիկնիկների նախապատրաստական աշխատանքներին հետևելուց հետո իջանք արդեն բեմում թրծված տիկնիկներին տեսնելու: Պարզվեց`ամենադիմացկունը Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե ձկնիկը» հեքիաթի տատիկն ու պապիկն էին, որոնք բեմում էին արդեն 40 տարի:

Մանկավարժ, արվեստաբան Աննա Իսրայելյանի խոսքով՝ մանարյանական «Անբան Հուռին» ոչ այնքան անբան է, որքան երազկոտ. «Միշտ երեխաները գալիս են, ասում են`շատ է տարբերվում, մենք էլ բացատրում ենք, որ ներկայացման կոնցեպցիան ուրիշ է, Երվանդ Մանարյանը ստեղծել է լրիվ ուրիշ կերպար, Հովհաննես Թումանյանի հեքիաթի վրա, նա լրիվ ուրիշ պիես է գրել»:

Այս տարի լրանում է մի շարք փառատոնների մասնակցած, հավերժական խնդիրներին անդրադարձող և հեղափոխական «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակը: Հենց այս հեղափոխական աքլորն է համարվում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խորհրդանիշը:

Հիմա թատրոնը պատրաստվում է «Փշե մուշտակը» ներկայացմանը, որը տիկնիկների պատրաստ լինելուն պես կներկայացվի հանդիսատեսին:

Անի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930