Լրահոս
Օրվա լրահոսը

Հագուստի գույնը և ձևը` մարդու մասին

Ապրիլ 02,2019 17:11

«Գեր կազմվածքով կանայք և աղջիկներն ավելի հակված են կրել նեղ հագուստ`մտածելով, որ հագուստը «կսեղմի», և մի քանի սանտիմետրով ավելի նիհար կերևան։ Ցանկալի է ընդգծել գոտկատեղը, պարանոցն ու ուսերը, այսինքն` կրել օրինակ լայն կիսաշրջազգեստ` գոտիով, դասական վերնաշապիկով ու մինչև կոնք հասնող պիջակով»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի խորհուրդ տվեց դիզայներ, հագուստի մոդելավորող Վարդուհի Բարսեղյանը: Անդրադառնալով նիհար կազմվածքով կանանց ու աղջիկներին՝ նա ասաց. «Նրանք ավելի հեշտ կարող են ընտրել հագուստ, ուղղակի ցանկալի է բացվածքների, հագուստի երկարության չափը պահել հարմարավետության սահմաններում»։

Հագուստի մոդելավորող, ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս Հռիփսիմե Մարոնյանի խոսքով` բացի նորաձևության նմուշ լինելուց` հագուստը պետք է համապատասխանի որոշակի պահանջների: Նա թվարկեց. «Պետք է ուշադրություն դարձնել այն գործվածքի որակին, որից կարված է տվյալ նմուշը և թե որքանով է այդ գործվածքը համապատասխանում հենց այդ տեսակի հագուստին (ճմրթվողականություն, մանրաթելային կազմ և այլն)։ Էռգոնոմիկական (մարդաչափական) տվյալներին համապատասխանելը նույնպես կարևոր է. հագուստը չպետք է կաշկանդի մարդու ազատ շարժումները մեծ կամ փոքր լինելու պատճառով: Բոլոր նախագծային գծերը պետք է լինեն իրենց տեղում (սեղմոններ, որոնք պետք է ուղղված լինեն դեպի կրծքի կենտրոն, գոտկագիծ, ուսի ու կողքի կարեր և այլն): Հագուստի ընտրության հարցում կարևոր են նաև ճիշտ ընտրված և որակով կատարված տեխնոլոգիական մշակումները»:

Հագուստ ընտրելիս մարդիկ ուշադրություն են դարձնում նաև գույնին, որպեսզի որոշակի չափով ձերբազատվեն բարդույթներից։ Անդրադառնալով տարածված այն կարծիքին, թե մուգ գույները քողարկում են մարմնի թերությունները, Հռիփսիմե Մարոնյանն ասաց. «Կա տարածված կարծիք, որ մուգ գույները, օրինակ՝ սևը, քողարկում են մարմնի թերությունները, և ավելորդ կիլոգրամներ ունեցող մարդիկ կրում են մուգ ու իրենց չափսերից ավելի մեծ հագուստ, ինչի պատճառով էլ ավելի գեր են երևում։ Նման մարդիկ խուսափում են սպիտակ, կաթնագույն և այլ բաց գույնի հագուստ կրելուց։ Սակայն արդեն բազմիցս ապացուցվել է, որ բաց գույնի ճիշտ ձևված հագուստը հիանալի տարբերակ է հենց նրանց համար»:

Գույները մարդու կյանքում կարևոր նշանակություն ունեն, և մարդու մասին իր հագուստի գույնով կարելի է որոշակի տեղեկություն ստանալ։ Հոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն իր խորհրդանիշն ունի, և որոշ հոգեբանների կարծիքով` ստեղծում է համապատասխան մթնոլորտ:

Հոգեբան-խորհրդատու Մանուշ Մուրադյանը ներկայացնում է գույների նշանակությունը և նրանց ազդեցությունը մարդկանց կյանքի վրա. «Համարվում է, որ մանուշակագույնը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը, և սովորաբար այնպիսի մարդիկ են ընտրում այդ գույնը, որոնք դժվարություններ ունեն սոցիումում հաստատվելու։ Կանաչ գույնը համարվում է հանգստացնող ու թուլացնող։ Դեղինը ջերմության գույն է, և նա, ով դեղին գույնի հագուստ է կրում, կարող է խոսել իր նպատակի՝ստեղծագործական ներուժի բացահայտման մասին։ Շատ հետաքրքիր է սև գույնի նշանակությունը։ Հաճախ սև հագած մարդու տեսնելիս միանգամից մտածում ենք, որ ծանրակշիռ անձնավորություն է, ու հենց դա է պատճառը ,որ հարուստ մարդիկ սև լիմուզիններ ունեն։ Սակայն մյուս կողմից էլ՝ սևը կարող է խոսել ագրեսիվության մասին»:

Հոգեբանի կարծիքով` գույների ընտրությունը ենթագիտակցորեն է տեղի ունենում: Նա մանրամասնեց. «Մարդիկ հիմնականում չեն կարող բացատրել, թե ինչու են կրում տվյալ գույնի հագուստ։ Լսել եմ ուսանողներից, որոնք քննության ձախողումը կապել են ոչ ճիշտ ընտրված գույնի հագուստի հետ։ Մարդիկ իրենք իրենց ներշնչում են, որ տվյալ գույնի հագուստը իրենց հաջողություն է բերում և սկսում են հավատալ դրան։ Իսկ մեր ենթագիտակցության մեջ արդեն համապատասխան ծրագիր կա, որը չի գիտակցվում տվյալ մարդու կողմից։ Եթե վերջինս հավատում է կատարվելուն, ուրեմն բոլոր իրադարձությունները տանում են նրան, որ դա կապացուցվի և կիրականանա»։

Իսկ թե ինչն է թրենդային այս գարնանը, այս մասին հագուստի մոդելավորող Վարդուհի Բարսեղյանն ասաց. «Խորհուրդ կտամ գարնանը կրել պաստելային գույնի հագուստ, քանի որ դրանք ավելի նուրբ են և գարնան հետ համահունչ»:

Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930