Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյություն ունի միֆ, որ ունիվերսալ մարմինն է կարողանալու հաղթահարել կոռուպցիան». Սոնա Այվազյան

Ապրիլ 02,2019 16:57

2003-ից ՀՀ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, ունեցել ենք երեք ռազմավարություն, գործողությունների պլան, միացել ենք մի շարք միջազգային փաստաթղթերի, սակայն, որեւէ առաջընթաց չի գրանցվել: Միակ առաջընթացը, ըստ Transparency International-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի, որոշ օրենքների, իրավակարգավորումներ ընդունումն էր, կառավարման թափանցիկության որոշակի ապահովումը` կայքերի ստեղծմամբ, այդպիսով հասարակությանը ներգրավելով: «Բայց ամբողջը իմիտացիոն բնույթ է կրել»,- «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների՝ համակարգային լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց Սոնա Այվազյանը:

Բանախոսն այժմ կառավարությունում անկեղծ պատրաստակամություն է տեսնում` կոռուպցիան արմատախիլ անելու. «Նիկոլ Փաշինյան ու իր թիմն իշխանության են եկել նաեւ հակակոռուպցիոն օրակարգի հիման վրա, եղել են խոստումներ, մարդիկ էլ ակնկալիքներ ունեն»: Ձայների քանակը, որոնք գործող իշխանության թիմը ստացավ Երեւանի ավագանու խորհրդարանական ընտրություններում, Սոնա Այվազյանի կարծիքով ամրագրում են հանրության սատարումն ու ակնկալիքները: Նա ներկայիս հակակոռուպցիոն գործընթացների վերաբերյալ մտավախություններ ունի, բայց որեւէ զուգահեռ չի տանում «կառավարման փորձի պակաս ունեցող» եւ «թալանող ու կոռումպացված ներկա եւ նախկին իշխանությունների» գործողությունների միջեւ:

Բացի առօրեական, իրավիճակային խնդիրներ լուծելուց, նրա համոզմամբ, գործող իշխանությունը պետք է համակարգային մոտեցում ցուցաբերի եւ առնվազն հինգ տարիների կտրվածքով փոփոխությունների տեսլական ներկայացնի: Իրենք առաջարկում են, որ անխուսափելի լինի կոռումպացված անձանց անպատժելիությունը, հանրային անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ (երկուսն էլ ընթացքի մեջ են), կառավարման բոլոր մակարդակներում լինի թափանցիկության եւ հաշվետվողականության մեխանիզմների ստեղծում (այստեղ շատ անելիք կա), իշխանության բոլոր ճյուղերում հայեցողական որոշումների հնարավորությունը առավելագույնս սահմանափակել, վերահսկողությունը ուժեղացնել, հանրայն լայն վերահսկողություն ապահովել եւ այլն:

Ազդարարների ինստիտուտի աշխատանքը, բանախոսը շատ է կարեւորում`նաեւ հանրային կրթության, իրազեկման խնդիրների համատեքստում: Իսկ Հայաստանից գողացված ակտիվների վերադարձն, ասում է, առաջնային խնդիր է, այդ թվում նաեւ Հայաստանից հանված ակտիվների վերադարձը: Այստեղ էական դերակատարում է ունենալու վստահելի դատաիրավական համակարգի գոյությունը:

Սոնա Այվազյանի դիտարկմամբ, այժմ Հայաստանում, կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների գործունեությունը «կանգնած է». կառավարությունում հայտարարել են, որ այս ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է լինեն, ասում է`հավանաբար, դրանցով պայմանավորված: Նախատեսվում է կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծում: Գոյություն ունի երկու մոդել` հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որը կզբաղվի հակակոռուպցիոն կրթությամբ, կոռուպցիայի կանխարգելմամբ, օպերատիվ հետախուզությամբ եւ նախաքննությամբ: Եվ հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգ. հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հենքի վրա ձևավորված հակակոռուպցիոն մարմին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ կանխարգելիչ և կրթական գործառույթներ եւ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և հակակոռուպցիոն միջոցառումներ, պետական կառավարման համակարգի մարմիններ մոնիթորինգ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, կառավարության եւ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներ:

Սոնա Այվազյանի դիտարկմամբ, եվրոպական երկրներում հիմնականում ապակենտրոնացված համակարգն է ընդունված. «Գոյություն ունի միֆ, որ ունիվերսալ մարմինն է կարողանալու հաղթահարել կոռուպցիան, տարբեր երկրներում, որոշ իրավիճակներում դա այնպես չի գործել, ինչպես թվում է, որոշումը պետք է կայացվի մի շարք գործոնների հիման վրա: Որպես մասնագիտացված կառույց, մենք առաջարկում ենք, որ Հայաստանում պետք է գործի տարանջատված մոդելը`տարանջատված լինեն կոռուպցիայի կանխարգելման եւ իրավապահ մարմինները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930