«Երբ որ մենք ժամանակին անընդհատ ասում էինք, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն է մերը, այդ մարտունակությունը ինչ-որ տեղ թուլացրեց մեր զգոնությունը: Ես գնահատում եմ, որ ապրիլը նաեւ այդ զգոնության կորստի պատճառ էր»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա ասաց, որ ուժեղ բանակի առկայությունն է, որ հակառակորդին կզրկի հետագայում ապրիլյանի նման «ավանտյուրաների» կիրառումից:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ վարչապետը ապրիլյան պատերազմի հետ կապված կարդացել է հետախուզության փաստաթղթերը. «Այստեղ, իհարկե, անելիք կա, ամբողջապես հասկանանք՝ ապրիլին տեղի ունեցածին մենք ինչքանով էինք պատրաստ, եթե պատրաստ չէինք, եթե կան մեղավորներ, դրանից դասեր պետք է քաղեն, պատասխանատվության ենթարկվեն»:
Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո որոշ պաշտոնանկություններ եղան, մինչդեռ ապրիլը միայն պաշտոնանկությունների խնդիր չէր, մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք թերացել. «Պետք է հասկանանք՝ նման հնարավորություն հակառակորդը ո՞նց ունեցավ, որովհետեւ այդտեղ արտաքին քաղաքական գործոնը եթե կա, պետք է տեսանելի լինի մեր համար, որ հետագա բանակցային գործընթացում հասկանանք, թե ինչ կարեւոր շեշտադրումներով մենք պետք է հասնենք բանակցային սեղան»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ