«ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի հարց այսօր օրակարգում չկա, խնդրի անհրաժեշտությունը սկսելու ենք քննարկել 2025 թվականից հետո»,-ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը (լուսանկարում):
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք գնալու ենք միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանը վաղ թե ուշ, միասնական արժույթի հեռանկարն ինչպիսի՞ն է, Վախթանգ Աբրահամյանը պատասխանեց. «Այն, որ նման խնդիր այժմ օրակարգում չկա, սա հստակ ուղերձ է: Հաշվի առնելով ԵՄ փորձը՝ կարող ենք ասել, որ խոսքը տասնյակ տարիների մասին կարող է լինել, եթե հարցը համարվի արդիական: Մեր համագործակցությունը փոխգործողության ազգային համակարգերի ապահովում է. այն, որ ազգային համակարգերն իրար մեջ խոսեն: Մեր ռեզիդենտները պիտի հնարավորություն ունենան ամբողջությամբ օգտագործել այն ծառայությունները, որ ենթադրում է տվյալ միասնական շուկան: Այս պահին վարկային տեղեկությունների փոխանակման հնարավորությունն ենք քննարկում: Եթե ՀՀ քաղաքացին գնա Ղազախստան և ստանա վարկ, իր վարկային պատմությունը պետք է հասանելի լինի»:
Տարադրամի փոխանակման կետերի և գրավատների հետ կապված խնդրի մասին ԿԲ-ի նախագահի տեղակալն ասաց. «Մեր կարծիքով՝ ֆինանսական ծառայություններ մատուցելը մեր երկրում խիստ կարգավորված գործունեություն պիտի լինի. պարզեցված լիցենզիաներ կամ նմանատիպ գործառույթներ չպետք է լինեն: Պետք է հասկանալ նաև՝ արդյոք նույն սուբյեկտները կրո՞ւմ են պատասխանատվություն և ի զորո՞ւ են ռիսկերի՝ ի հայտ գալու դեպքում փակել դրանք»:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ այնուամենայնիվ, հիմա պետք է այս հարցը հետաձգել, և պետք չէ կտրուկ, վիրահատական լուծում տալ խնդրին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ