Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է. հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթությանը լիարժեք ներառման գործընթացում դեռեւս որոշակի խնդիրներ կան: Այս մասին «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասացին ոլորտի մասնագետները:
Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի ներկայացմամբ՝ Հանրակրթության մասին օրենքի համաձայն, մինչեւ 2025 թվականը Հայաստանը պետք է կարողանա հասնել համընդհանուր ներառմանը գոնե հանրակրթության դաշտում: Ըստ Մուրադյանի, հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները գնահատվում են եւ ըստ այդմ առաջարկվում է անհատական ուսուցման ծրագիր:
«Այսօր 7000-ից ավելի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ կան, որոնք սովորում են հատուկ եւ հանրակրթական դպրոցներում: Նրանցից հատուկ դպրոցներում 1900-ից քիչ երեխա է սովորում: Եթե շուրջ 5000-ից ավելի երեխաների ծնողներն ընտրել են հանրակրթական դպրոցն, ուրեմն՝ դպրոցը, գուցե ոչ բավարար է, բայց իրականացնում է որոշակի կրթություն»,-ասաց նախարարության մասնագետը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանն էլ նկատեց՝ եթե մենք ամեն անգամ ներառականությունը գնահատում ենք աշխարհի հետ եւ ամեն անգամ ասում՝ մենք դեռ շատ ունենք հասնելու իրենց, ապա Հովսեփյանը հակառակն է պնդում. «Ես կարող եմ ասել՝ մրցակցային ենք: Ոչ թե կրթության իրականացման դժվարություն ունենք, մեր խնդիրն առաջինը առաջանում է, երբ չկա վերաբերմունք մասնագետի կողմից»: Ըստ Հովսեփյանի, երբ վերապատրաստում են մասնագետներին եւ շեշտը չեն դնում երեխայի նկատմամբ մասնագետի վերաբերմունքի վրա, ապա ուսուցիչը պատրաստ է լինում որպես մասնագետ, սակայն կաղում է իր վերաբերմունքով ու կարծրատիպեր են լինում:
Կարդացեք նաև
Հովսեփյանի դիտարկմամբ՝ մենք նոր ենք մտնում բաց համակարգ, որտեղ մարդիկ տեսնում են դաունի համախտանիշով կամ աուտիզմով երեխաների, եւ հասարակությունը որքան էլ պատրաստ է ընդունել նրանց, քիչ բան գիտի նրանց առանձնահատկությունները գնահատելու եւ նրանց ճանաչելու իմաստով. «Անհրաժեշտ է համընդհանուր հասարակական իրազեկում յուրաքանչյուրի առանձնահատկությունները բացատրելու համար»:
Հովսեփյանն իր օրինակը բերեց, երբ աշխատել է դպրոցում. Նա նկատեց՝ այդ դպրոցը ֆիզիկապես հարմարեցված չի եղել հաշմանդամություն ունեցող երեխաների համար. «Բայց միջավայրն այնքան էր հոգեբանորեն հարմարեցված եղել, որ ֆիզիկական խնդիրը չենք նկատել: Այսօր մենք հեռավոր մարզում ներառական դպրոց ունենք, շատ առաջ ենք գնացել եւ դեռ աշխարհը պետք է սովորի մեզանից՝ մեր դժվարություններն ունենալով՝ ձեռք բերած հաղթանակների առումով»:
«Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչ, էրգոթերապիստ Գայանե Հովհաննիսյանն էլ զուգահեռներ տարավ կենտրոնի եւ դպրոցների միջեւ՝ այն երեխաները, որոնք հաճախում են «Լուսէ» կենտրոն եւ հանրակրթական դպրոց, կենտրոնում տանում են աշխատանքներ, որով պետք է զարգացնեն երեխաների կարողությունները, սակայն ինչ-ինչ պատճառով հակառակ գործընթացն է լինում. «Դպրոցի մասնագետները ոչ բոլորն են տեղյակ ինչպես վարվել երեխայի հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի