Քիչ առաջ Եռաբլուրում էր Դավիթ Տոնոյանը, նա շրջեց ազատամարտիկների շիրիմների մոտ, ծաղիկներ խոնարհեց, խունկ վառեց: Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» շիրիմի մոտ էին հարազատները, ընկերները, Տոնոյանը միացավ նրանց, հետաքրքրվեց շիրիմի կառուցման հարցով:
Հետո նախարարը մտավ Եռաբլուրի եկեղեցի, երկու մոմ վառեց, ավելի ուշ, երբ հարցրեցինք, թե ի՞նչ նպատակով վառեց այդ մոմերը, նախարարը պատասխանեց. «Փառք Աստծո եւ հանուն խաղաղության»:
Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Նյու Յորքում արած իր հայտարարությանը՝ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ չի լինելու. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ դա որակելով որպես ապակառուցողական եւ սադրիչ հայտարարություն, ինչպե՞ս կարձագանքեք՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների հայտարարություններն են ապակառուցողական. «Կառավարությունը միասնական ծրագիր է իրականացնում, եւ իմ ասածը պայմանավորված է կառավարության ծրագրի առաջնահերթությունից: Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, ես զարմանում եմ՝ հանրությունը ինչի՞ վրա է զարմանում: Ես ավելի կարեւոր խնդիրներ եմ այնտեղ քննարկել, շատ ավելի կարեւոր եւ մեծ արդյունքներ ունենք մենք ե՛ւ խաղաղապահության ոլորտում, ե՛ւ միջազգային համագործակցության, ե՛ւ Հայաստան-Ամերիկա համագործակցության շրջանակներում»:
Թե ի՞նչ արդյունքների մասին է խոսքը՝ նա պատասխանեց. «Ընդլայնելու ենք խաղաղապահության ոլորտում համագործակցությունը, աջակցություն ենք ստանալու խաղաղապահ կարողությունների զարգացման առումով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ