Հայաստանում շարունակվում է Ֆրանկոֆոնյան միամսյակը, որը մեկնարկել է մարտի 11-ին:
Արդեն 10-րդ տարին է` ֆրանկոֆոնյան օրերին իր մասնակցությունն է ունենում Սևան համայնքը, որը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության 15-ամյա կենսագրություն ունի:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևանում տեղի ունեցան և շարունակվում են բազմաբնույթ միջոցառումներն ու նախաձեռնությունները, որոնք ֆրանկոֆոնյան արժեքներին ևս մեկ քայլ մոտենալու լավագույն հնարավորություն են:
Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում ամռան ամիսներին ֆրանսերենի ուսուցման դպրոցն է իր դռները բացում ցանկացողների առաջ, որը ևս գրանցել է էական հաջողություններ: Դրա վկայությունն է նաև այս օրերին «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության կողմից /նախագահ` Լիլյա Շալունց/ որն իրականացնում է ամառային դպրոցի պարապմունքները, «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հետ /նախագահ` Գոհար Մնացականյան/ համագործակցությամբ անցկացվող միջոցառումների շարքը:
Մարտի 27-ից մեկնարկել է «Ֆրանսիայի գույները» լուսանկարների մրցույթը, որը նախատեսված է բոլոր ցանկացողների համար: Արդյունքները հայտնի կլինեն ապրիլի 15-ին: Ինչպես նշում են կազմակերպիչները, լուսանկարների բաց մրցույթ – ցուցահանդեսը կկայանա Գրենոբլի հրապարակում, որով էլ կամփոփվեն ֆրանկոֆոնյան օրերը:
Սևանի ֆրանկոֆոն պատանիկներն ու աղջիկները այս օրերին պատրաստել են բացիկներ` գրելով բարեմաղթանքներ, որոնք ուղարկվել են համագործակցող ֆրանսիական կողմին: Միջոցառումն անցկացվեց «Բացիկ քո փոստարկղում» խորագրով:
Մշակութային մյուս ձեռնարկը երաժշտական էր: «Սովորենք ֆրանսերեն երգելով» կարաոկեն համախմբել էր ֆրանսիական երգերի սիրահարներին, և երաժշտական տոնը կայացավ:
Ֆրանկոֆոնյան գույներն ու մեղեդիները մասնակիցներին պարգևեցին ճանաչողական, գեղագիտական հիանալի պահեր, որը նաև ինքնատիպ մեկնարկ է ամառային դպրոցի այս տարվա պարապմունքների:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ