Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյան. «Հին Հայաստանի ուրվականը շարունակում է մեզ հետապնդել»

Ապրիլ 02,2019 14:53

«Դպրոցների ֆիզիկական վիճակի հետ կապված խնդիրներ ունենք, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ կրթության բովանդակության եւ որակի վրա»,-ապրիլի 2-ին «Հոդված 3» ակումբում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը`«Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկման ժամանակ:

Նա նշեց, որ դպրոցների խնդիրներով գույքագրման մի շարք ցուցակներ ունեն, իսկ ամենամեծը սեյսմակայունության հետ կապված խնդիրներն են: «Լրջագույն խնդիր է փոքր դպրոցներում մատուցվող կրթական ծառայությունը, բազմահամակազմ դասարանները: Ուսուցիչները միեւնույն դասարանում ստիպված են լինում երկու տարբեր տարիքային խմբերի աշակերտների հետ աշխատել: Լուծումները մշակվում են, նախկինում են էլ մշակվել, ու արդեն պետք է անցնենք դրանց տեղայնացման եւ ներդրման»,-ասաց նա: Նախարարը հավելեց, որ այս պահին պետք լրացուցիչ միջոցներ գտնել դպրոցների ֆիզիկական վիճակը բարելավելու համար:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ծրագրեր են մշակում կրթական մակարդակի բարելավման ուղղությամբ. «Ծրագրեր ունենք խուսափելու համար երկհամակարգ կրթությունից եւ միավորելու հարեւան գյուղերում գտնվող միեւնույն տարիքի դասարանները, որպեսզի արդյունքը ավելացնենք, բայց այս դեպքում էլ տրանսպորտի խնդիր է առաջանում: Երեխաները ստիպված են լինում երկար ճանապարհ կտրել, դժվարություններ են ունենում ձմռանը, իսկ դրանք ԿԳ նախարարության խնդիրները չեն»:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով. «Հին Հայաստանի ուրվականը շարունակում է մեզ հետապնդել, մեր առօրյայում է, քանի դեռ այն խնդիրները, որ մեր առաջ ծառացած են եւ ժառանգություն ենք ստացել, լուծված չեն: Մենք համակարգված աշխատանքով փորձում ենք բոլոր խնդիրները վեր հանել: Ասիական զարգացման բանկի օգնությամբ փորձում ենք իրականացնել սեյսմիկ վտանգավորության տարածքում գտնվող դպրոցների վերակառուցումը, նախնական նպատակը եղել էր դրանց հիմնանորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք պետք է քանդել, նորից կառուցել»:

A discussion on the topic of the ‘Educational Problems in Old Villages of New Armenia’ took place in ‘Article 3’ press club

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը խնդրին անդրադարձավ որպես պատգամավոր: Նրա ձեւակերպմամբ, իրենք հանդիպումներ են նախաձեռնում տարբեր ոլորտների նախարարների հետ եւ համապատասխան հարցադրումներ անում: « Մենք մշտապես լսել ենք, որ կրթությունը կարևոր է, սակայն կրթության ոլորտի բարելավման համար քայլեր չեն կատարվել, և այժմ այնքան շատ են կուտակված խնդիրները, որ մեկ ամսվա կամ մեկ տարվա ընթացքում դրանք լուծելն անհնար է: Կարեւորն այն է, որ այժմ կառավարության քայլերը միտված են դրանք լուծելու»,-շեշտեց նա:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքերով. «Գյուղեր կան, որտեղ միայն 9-ամյա դպրոցներ ունենք, բայց երեխան պարտավոր է շարունակել ուսումը, ինքը պետք է գնա ուրիշ գյուղ, որը, ասենք ինը կիլոմետր հեռու է… Ստիպված մարդիկ գնում են կողքի քաղաքում տուն են վարձում, որ երեխան ստանա իր ավագ դպրոցի կրթություն»: Նա նաեւ փաստեց, որ մի շարք վայրերում ուսուցիչների մեծ մասը հարևան գյուղերից են հասնում դպրոց, անգամ գյուղ ուսուցիչ հարս են բերում, որպեսզի գյուղի դպրոցում ուսուցիչ ունենան։ Ընդ որում, ուսուցիչ կա` ստանում է 50 հազար դրամ աշխատավարձ, որից 15 հազարը ծախսում է ճանապարհածախսի վրա:

Սերոբ Խաչատրյանը մարած որակեց այն գյուղերը, որտեղ 5-7 աշակերտ կա, քանի որ բնակիչների մեծ մասը 60-70 տարեկան մարդիկ են, որոնց զավակները Ռուսաստանում են, արտասահմանում կամ Երեւանում: «Ես չեմ ընդունում կրթություն 1, 5, 10 հոգանոց դպրոցում, այդտեղ չի կարող լինել կրթություն եւ որակ, որովհետեւ կրթությունը նաեւ սոցիալիզացիա է: Եթե դասարանում մի քանի երեխա է, այդտեղ ի՞նչ կրթություն կարող է լինել` երեխան ուսուցչից է հոգնում, ուսուցիչը` երեխայից»,-շեշտեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930