Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյանն ասում է` ինչ պետք է անենք, որ մարդկանց վերաբերմունքը փոխվի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ

Ապրիլ 02,2019 14:45

Aravot.am-ի հարցին՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց հասարակությունում ներառելու ամենակարճ ճանապարհը քաղաքները հարմարեցնելը, կրթական հաստատությունները հատուկ կարիքներով մարդկանց համար հասանելի դարձնելն ու հատուկ մասնագետներով ապահովելն է, սակայն մեր երկրում այդ գործընթացը դանդաղ է առաջ գնում, մարդիկ մնում են տանը փակված: Ի՞նչ պետք է անի պետությունը, որ այդ մարդկանց ներառումը հասարակություն արագացվի, ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը պատասխանեց,

«Ես չեմ կարող պետության կամ կառավարության կողմից խոսել: Ես կարող եմ «Երեւան իմ սեր»-ի կողմից խոսել եւ, որպես անձ, կարող եմ խոսել: Ճիշտ է, այլ երկրներում մեզնից շատ առաջ են: Անցումները փողոցներում հարմարեցված են սայլակներին, վերելակներ կան համարյա բոլոր շենքերում, դպրոցներում,մանկապարտեզներում, հիվանդանոցներում: Մենք շատ անելիք ունենք սրան հասնելու, բայց ես շատ կարեւոր եմ համարում, որ հիմա Հայաստանում իրազեկ ենք այդ հարցը եւ միահամուռ ձեւով փորձենք այս հարցը լուծել՝ լինի քաղաքապետարան կամ անհատներ կամ բարեգործություններ, փորձենք արագացնել այդ քայլերը»:
Տիկին Սարգսյանը հույս հայտնեց, որ միասնական աշխատելը կբերի մի կետի, որ կարող ենք ասել՝ մեր երկիրը, մայրաքաղաքը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդկանց բնակության համար:
Տիկին Սարգսյանը Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առիթով այսօր այցելել էր «Երեւան իմ սեր» հիմնադրամ, որտեղ գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն: Կենտրոնում տարվա կտրվածքով վերականգնողական բուժում է անցնում մոտ 200 երեխա:
Մանրամասները՝ տեսանյութում

Նունե Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է պետք, որպեսզի հասարակության վերաբերմունքը փոխվի հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Մեր այն դիտարկմանը, թե այսօր էլ ծնողներ կան, որոնք դժգոհում ու բոյկոտում են ներառական դպրոցների դեմ, չեն ուզում,որ իրենց առողջ երեխան սովորի հաշմանդամություն ունեցող երեխայի կողքին, Նունե Սարգսյանը պատասխանեց՝ «Մենք պետք է փոխվենք»: Ըստ նրա, հաշմանդամություն ունեցող երեխաներին պետք է ընդունենք, որպես հասարակության անդամ. «Որովհետեւ, մեծ մասամբ, նրանք մտովի առողջ երեխաներ են: Թերի են գուցե ֆիզիկապես, բայց այս երեխաները, կարող են մտածել, տեսնել, կարող են դառնալ երաժիշտներ, ուսուցիչներ, կարող են դառնալ նկարիչներ»:

Նունե Սարգսյանը նաեւ ասաց, որ այս կենտրոն նաեւ հաշմանդամություն չունեցող երեխաներ են հաճախում եւ հաշմանդամություն ունեցողների հետ միասին են նկարչության դասերն անցնում, որպեսզի այդ ներառումը տեղի ունենա:

«Ստեղծում են արվեստ,շատ հաճախ սրանք գլուխգործոցներ են: 4 տարեկան երեխան գլաքարերով ձկնիկի արձան էր պատրաստել, որը գլուխգործոց էր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930