«Եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, խաղաղություն չենք ունենա: Հիմա ավելի քան պատրաստ ենք, կարծում եմ, դասեր քաղել ենք»,- այսօր Եռաբլուրի պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը նրա մասին է, որ եթե նոր պատերազմ եղավ, մենք պետք է նոր տարածքներ ազատագրենք:
Մենք հարցրեցինք՝ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին էր, հիմա դուք այդ հարցի պատասխանն ունե՞ք՝ ի վերջո ԵԱՏՄ մտնելու մասի՞ն էր այդ պատերազմը, թե՞ դրա մասին չէր՝ Մարուքյանը պատասխանեց, թե Նիկոլ Փաշինյանը, երբ այդ մասին հայտարարել է, ՀԱԿ-ի պատգամավոր էր, ինքը համակարծիք չէ. «Ես այդ կարծիքին չեմ, եւ նման փաստ այսօր մենք չունենք, այսինքն, Ադրբեջանը չի դարձել ԵԱՏՄ անդամ եւ դառնալու մտադրություն չունի, նա այսօր ավելի շահեկան վիճակում է՝ չլինելով որեւէ կառույցի անդամ, քան այսօր մենք ենք, հետեւաբար այդ թեզը չի ապացուցվել»:
Մենք նաեւ հարցրեցինք՝ այսօր հայտարարվում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը որոշակի տվյալներ իմացել է եւ հաղորդել է, բա սրա հետ կապված հարցեր չե՞ն առաջանում՝ նա պատասխանեց. «Առաջանում է այդ հարցը, հասկացա արդեն ինչ եք ասում՝ պետք է լինի հարուցված քրգործ եւ պետք է լինեն քննության տակ եղած մարդիկ, եթե պաշտոնապես նման հայտարարություն է արվում, դա պետք է ունենա հետեւանք, բայց դա հետեւանք չունի»: Թե պատճառը որն է՝ Մարուքյանը պատասխանեց՝ «Չգիտեմ, պատճառը էդ հայտարարություն անողներին հարցրեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ