Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Եղիազարյան. «Ադրբեջանը պետք է իր ուղեղից հանի զենքի տարբերակով, ռազմական ճանապարհով խնդրի լուծման տարբերակը». «Իրատես»

Ապրիլ 02,2019 13:32

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վիեննայի հանդիպումը տևեց 3 ժամ։ Ռազմական փորձագետ, ՀՅԴ ԳՄ անդամ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ զրուցեցինք այս հանդիպման շուրջ։

-Հաշվի առնելով պաշտոնական հայտարարությունները, նաև Փաշինյանի գնահատականը, կարելի է ասել, որ ոչ մի առաջընթաց հարցի կարգավորման ուղղությամբ չի եղել,- փաստեց պարոն Եղիազարյանը։- Էական մի հանգամանք ևս. բանակցությունների սեղանին չի եղել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի հանդիպումների պայմանավորվածությունների փաթեթը, որը շատ կարևոր է։ Դրանք զսպման, վերահսկման մեխանիզմների ներդրման և զինադադարը չխախտելու վերաբերյալ էին։ Այս հանգամանքի բացակայությունն էլ նվազեցնում է այն երաշխիքները, որ Ադրբեջանը հետագայում ռազմական ճանապարհով չի փորձի լուծել հարցը։ Դեռ ամեն ինչ պարզ չէ, այս թեմայով բաց չի խոսվել, չի ասվել, թե 3 ժամվա ընթացքում ինչ են զրուցել։ Այսինքն՝ բանակցել են բանակցելու համար, որն էլի լավ է, քանի որ արդյունք չլինելու պարագայում էլ բանակցել պետք է, խնդիրը բանակցություններով, ոչ թե ռազմական ճանապարհով պետք է լուծվի։

-Փաշինյանը մշտապես վկայակոչում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեզը, բայց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց ԱՄՆ-ում՝ հայտարարելով, որ եթե ասում են՝ խաղաղություն տարածքների դիմաց, ինքը դա փոխարինում է այլ մոտեցմամբ՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց։ Ասել է՝ վարչապետի և նախարարի կարծիքները հակադրվու՞մ են, թե՞ Տոնոյանը կոշտ դիրքորոշում է որդեգրել։

-Եղած մոտեցման պահպանմամբ, նաև կոշտ դիրքորոշման ընդգծում։ Հռետորաբանությունը փոխվել է, որը խոսում է մեր մարտավարության մասին։ Պաշտպանության նախարարն էլ, բնականաբար, կողմ է խաղաղ ճանապարհով հարցի հանգուցալուծմանը, բայց սա մարտավարական մոտեցում էր, նաև ուղերձ հակառակորդին։ Այն, ինչ ապրիլին տեղի ունեցավ, ցույց տվեց, որ մենք պաշտպանական մարտավարության մեջ էինք։ Դավիթ Տոնոյանը ողջունելի մոտեցում է ցուցաբերել՝ փաստելով, որ այսուհետ եթե նման ագրեսիվ դրսևորում լինի հակառակորդի կողմից, մենք ոչ թե կպաշտպանվենք, այլ կանցնենք պատժիչ, կանխարգելիչ գործողությունների։ Այս համատեքստում նա նշում է նաև գրոհային ստորաբաժանումների ավելացման մասին։ Այս իրավիճակում ճիշտ դիրքորոշում է հայտնել նախարարը, որ եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի, ավելին, ոչ միայն գրոհը կկասեցվի, այլև նոր տարածքներ կկորցնեն։ Սակայն սա ագրեսիայի մասին չի խոսում, եթե նրա ողջ ելույթին հետևենք, կտեսնենք, որ Տոնոյանը խաղաղության կողմնակից է, բայց նաև արձանագրում է ավելի լավ պատրաստված լինելու, ցանկացած պահին հակառակորդին հակադարձելու մասին։ Այսինքն, Ադրբեջանը պետք է իր ուղեղից հանի զենքի տարբերակով, ռազմական ճանապարհով խնդրի լուծման տարբերակը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930