Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը մի որոշ ժամանակ չի կարողացել քայլել

Ապրիլ 02,2019 13:21

«Ձեր անունն ի՞նչ է»,-այսօր «Երեւան իմ սեր» հիմնադրամի «Լուսե» վերականգնողական կենտրոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջը հարցրեց կենտրոն հաճախող երեխաներից մեկը:
«Նունե, իմ անունը Նունե է»,-պատասխանեց տիկին Սարգսյանը՝ ասելով, որ ինքը հանրապետության նախագահի կինն է:

Նունե Սարգսյանը կենտրոն էր այցելել Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առիթով: Ըստ միջոցառման կազմակերպիչների, այսպիսի այցելությունները նպատակ ունեն հավասարություն քարոզելու, այն է՝ հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդիկ ունեն միեւնույն հավասար իրավունքները եւ խնդիրներ ունենալը դեռեւս չի նշանակում ունենալ սահմանափակ կարողություններ:

Տիկին Սարգսյանը շրջեց կենտրոնում, ծանոթացավ երեխաների եւ նրանց ծնողների հետ, նաեւ ասաց, որ կիսում է նրանց հոգսը, քանի որ պատկերացնում է՝ ինչ դժվար է խնամակալ լինելու գործը:
Այս կենտրոն են այցելում նաեւ երկու քույրեր, որոնց բերում է տատիկը: Նունե Սարգսյանը հարցուփորձ արեց եւ երբ իմացավ, որ երկու երեխան էլ աուտիզմ ունեն, տատիկին ասաց՝ մեկը ապագա Էյնշտեյն է,մյուսը՝ ապագա Միքելանջելո:

Նունե Սարգսյանի խոսքով, հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ աստիճանաբար փոխվում է. «Երբ խորհրդային տարիներին հաշմանդամություն ունեցող մարդիկ էինք տեսնում, ապշած նայում էինք, որովհետեւ նրանք տարբեր էին եւ նրանց թաքցնում էին ընտանիքները: Բայց հիմա դա փոխվել է: Իմ թոռնիկները, երբ տեսնում են հաշմանդամություն ունեցող երեխա, անմիջապես վազում են, փորձում են օգնել եւ շատ նորմալ է նրանց համար, որովհետեւ նրանց աչքը սովոր է, նրանց դաստիարակությունը ուրիշ է եւ նրանց այլեւս չեն թաքցնում»:
Տիկին Սարգսյանն ասաց, որ իր կյանքում եղել է այնպես, որ ինքն էլ չի կարողացել քայլել. «Դա երկար տեւեց, հետո ես ապաքինվեցի եւ կամաց-կամաց սկսեցի քայլել: Ես ամեն օր իմ մտքում շնորհակալություն էի ասում երկու ոտքերիս»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն ասաց, որ այսօր հիմնական խնդիրը յուրահատկություն ունեցող երեխաների սոցիալիզացիայի հարցն է. «Այդ երեխաներն, իրենց առանձնահատկություններից ելնելով, որոշակի խնդիրներ ունեն վերբալ եւ ոչ վերբալ հաղորդակցման հետ կապված: Եվ այստեղ միջազգային պրակտիկան տանում է նրան, ոչ թե բուժման, խնդիրը կայանում է նրանում, որ նրանց հնարավորինս գիտելիքներ, հմտություններ ուսուցանվեն, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն, անկախ կյանքի համար ավելի օգտակար լինեն»:

Պարոն Կարապետյանը նաեւ նշեց, որ խնդիրը ոչ միայն երեխաների հետ, այլ նաեւ հասարակության հետ տարվող աշխատանքն է, ինչը պետք է նախեւառաջ կատարվի իրազեկման միջոցով. «Մարդիկ պետք է տեղյակ լինեն խնդրի էությանը, հասկանան՝ ինչպես պետք է փոխհարաբերվել յուրահատուկ երեխաների հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930