Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինացիները եւս մեկ անգամ ցույց տվեցին. Ուկրաինան՝ Ռուսաստան չէ՛

Ապրիլ 02,2019 22:00

Մարտի 31-ին կայացան Ուկրաինայի նախագահի ընտրությունները

Ինչպես եւ կանխատեսվում էր սոցիոլոգների կողմից, 39 թեկնածուներից եւ ոչ մեկին չհաջողվեց ստանալ նախագահ դառնալու համար բավարար թվով ձայներ, եւ առջեւում, երեք շաբաթից՝ ապրիլի 21-ին, տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն երկուսը՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն (մոտ 16%) եւ նրանից գրեթե կրկնակի ավել ձայներ ստացած՝ հայտնի դերասան Վլադիմիր Զելենսկին։

Կարելի արձանագրել հետեւյալը. Ուկրաինայում Արժանապատվության Հեղափոխության հինգերորդ տարում ժողովրդավարությունը դարձել է անշրջելի, այն հաղթանակ է տարել անշրջելիորեն, եւ գործող իշխանության մտքով անգամ չի անցել զբաղվել «ավանդական» հետխորհրդային՝ իշխանության վերարտադրության պրակտիկան կիրառել։ Նախեւառաջ, որովհետեւ ուկրաինացի ժողովուրդը, որը դեռ 2004 թվականին ապացուցեց, որ չի հանդուրժելու ընտրագողությունը եւ իրագործեց Թավշյա հեղափոխություն, որը համաժողովրդական թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի կուսակցության խորհրդանիշ՝ նարնջագույն դրոշի բերումով այդպես էլ կոչվեց՝ Նարնջագույն հեղափոխություն։

Բացի դրանից, արյունալի Մայդանը սրանից հինգ տարի առաջ բոլորի համար դաս եղավ, երբ արյունահեղության պատճառն ամենեւին էլ ժողովուրդը չէր, այլ քրեական հեղինակության վարքուբարքով առանձնացող, թերուս, անհայրենիք եւ անկուշտ տարրերով իրեն շրջապատած Յանուկովիչի մաֆիոզ ռեժիմը, որին, բնականաբար, սատարում էր Մոսկվան եւ Պուտինի ռեժիմը որպես «հոգեհարազատ»։ Ի դեպ, հենց ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին է իրենց երկրի վարչախմբին կոչում «ժուլիկների, գողերի, Ռուսաստանի թշնամիների եւ դավաճանների» ռեժիմ, այլ ոչ թե երկրից դուրս։ Նախկին նախագահ Լեոնիդ Կուչման ժամանակին գիրք է գրել, որի վերնագիրը լավագույնս է ներկայացնում նաեւ այն, ինչ ցույց տվեցին ուկրաինացիներն այս ընտրություններում. «Ուկրաինան՝ Ռուսաստան չէ»։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ մեծ դժգոհություն կա ուկրաինացիների մոտ գործող իշխանությունների եւ նախագահի գործունեությունից, եւ դրա վկայությունն է այն` ընդամենը 16 տոկոսը, որը ստացավ Պետրո Պորոշենկոն։ Երկրում հաղթահարված չէ օլիգարխիան, կոռուպցիան, բարեփոխված չէ դատական համակարգը, օրենսդրությունը, մարդիկ անցած հինգ տարիների ընթացքում իրենց խիստ բարձր սպասելիքներն իրականացած չտեսան, Ղրիմը մնում է բռնակցված Ռուսաստանի կողմից, իսկ երկրի արեւելյան շրջանները շարունակում են վերահսկվել Մոսկվայի ուժայինների հովանավորությունը վայելող զինված բանդիտները, որոնք ըստ քաղաքական անհրաժեշտության՝ խախտում են զինադադարը, դիրքապահ ուկրաինական ստորաբաժանումների զինվորների կյանքը խլելով։

Բայց եւ այնպես, ակնհայտ փաստ է, որ Պորոշենկոյի նախագահության տարիներին Ուկրաինայում վերակառուցվեց մինչ այդ փլուզված պետական համակարգը, փաստացի զրոյից վերստեղծվեց բանակը։ Դա կամավորներից եւ արհեստավարժ զինվորականներից ձեւավորված այն բանակն էր, որն իր կռիվը տվեց ռուսական տարածքից ներխուժած զավթիչների դեմ եւ թաղեց այսպես կոչված «Նովոռոսիայի» պլանը, ինչը նշանակում էր ուկրաինական պետության փաստացի լիկվիդացում։ Ուկրաինան հօդս ցնդեցրեց «ռուսսկի միռ» կեղծ գաղափարախոսության վրա հիմնված՝ Ռուսական նեոկայսրության ստեղծման նախագիծը։ Անցած հինգ տարիների ընթացքում Ուկրաինան ռազմավարական հարաբերություններ հաստատեց ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ, ուկրաինական դիվանագիտության շնորհիվ էր, որ Ռուսաստանին որպես ագրեսիվ պետության՝ սկսեցին դաժանորեն պատժել տնտեսական պատժամիջոցներով, որոնք դեռ խորանալու են, ուկրաինացի բազմաէթնիկ եւ բազմադավան հասարակությունն անշրջելիորեն վերածվում է ուկրաինական քաղաքական ազգի՝ բառիս եվրոպական իմաստով։

Ուկրաինան Հայաստանի համար չափազանց կարեւոր երկիր է։ Նախ, մենք կապված ենք Ուկրաինայի հետ մեր ընդհանուր պատմությամբ, բազմաթիվ հայեր մարտնչել եւ զոհվել են հանուն Ուկրաինայի ազատագրման նացիստական զավթիչներից, բացի դրանից, մի-քանի տասնյակ հայ կամավորներ զոհվեցին Ուկրաինայի արեւելքում 2014-15 թվականներին, կռվելով հանուն այդ երկրի պատվի եւ ազատության։ Ուկրաինան Եվրոպայի երկրորդ երկիրն է, Ֆրանսիայից հետո՝ իր հայ համայնքի թվաքանակով, այն հասնում է մոտ կես միլիոնի, սերտորեն ինտեգրված է ուկրաինական հասարակությանը, դառնալով արժանի հետնորդն այն ահռելի մշակութային ժառանգության, որը թողել են հայերն Ուկրաինայում հայոց վերջին մայրաքաղաք Անիի անկումից հետո։

Ցավոք սրտի, ռուսական կայսերապաշտ իշխանությունների եւ շրջանակների ուղղակի միջամտությամբ եւ հայկական «յանուկովիչներից» բաղկացած նախկին իշխանությունների թողտվությամբ բազմաթիվ թյուրիմացություններ են ի հայտ եկել հայ-ուկրաինական հարաբերություններում։ Թավշյա հեղափոխությունը Հայաստանում, որի կարեւորագույն նպատակներից է երկրի ինքնիշխանության անվերապահ պաշտպանությունն այլ պետությունների, այդ թվում՝ «դարավոր բարեկամների» ոտնձգություններից, ինչպես նաեւ՝ նոր ընտրություններն Ուկրաինայում նոր հեռանկար են բացում հայ-ուկրաինական հարաբերությունները պատշաճ, մեր արժանապատիվ եւ ազատատենչ, ճակատագրով եւ աշխարհահայացքով այդքան նման երկու ժողովուրդներին եւ պետություններին վայել մակարդակի բարձրացնելու համար։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

02.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930