Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքից արտահանել են շուրջ 245 տոննա ավելի շատ խեցգետին, քան նրանց օրինական ձեռքբերումները տվյալ ժամանակահատվածում. «Ժողովուրդ»

Ապրիլ 02,2019 12:08

ՀՀ հաշվեքննիչ պալատը մի շարք թերություններ է հայտնաբերել Բնապահպանության նախարարությունում։ Ընդ որում՝ այդ թերությունների հետեւանքները, սխալված չենք լինի, եթե ասենք, գրեթե անվերականգնելի են, կամ շատ երկար ժամանակ կպահանջի վերականգնումը։

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2017 թվականի դրությամբ ՀՀ 10 մարզերում գործել են 178 ձկնաբուծական տնտեսություններ, որոնցից 160-ը՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում։ Ի դեպ, ելնելով ՀՀ կառավարության՝ 2014 թվականի սեպտեմբերի 18-ի Արարատյան, Հրազդանի եւ Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության եւ երաշտի մասին որոշումից՝ առավել ռիսկային են համարվել նշված ավազանային կառավարման տարածքներում գործող ձկնաբուծարանները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ տարածքներում տեղակայված 25 ձկնաբուծական տնտեսությունների համար ջրային ռեսուրս են հանդիսանում խորքային հորերը։ Միայն ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների ընթացքում կազմվել են 28 ջրաչափական եւ 4 կապարակնքման ակտեր։ Արդյունքում պարզվել է, որ 28 ձկնաբուծարաններից 2-ի կողմից շահագործվող հորերը չեն գործում, 4-ը չունեն ջրօգտագործման թույլտվություն, 20-ի կողմից օգտագործվող ջրի ծավալը սահմանվածից ավելի է, 4-ի կողմից օգտագործվող ջրի ծավալը ջրօգտագործման թույլտվության սահմաններում է, իսկ 4-ի մոտ հորերի փականների կապարակնիքները բացակայել են։

Ի դեպ, ձկնաբուծարանների ջրօգտագործման թույլտվություններով սահմանված տարեկան ջրի ծավալը կազմում է 104 մլն 999 հազար խորանարդ մետր, փաստացի օգտագործվող ջրի տարեկան ծավալը թույլտվություններով սահմանվածից ավելի է 79 մլն 663 հազար խորանարդ մետրով, իսկ ապօրինի օգտագործվող ջրի տարեկան ծավալը 8 մլն 789 հազար խորանարդ մետր է։

Ջրօգտագործման թույլտվություն չունեցող կամ սահմանված չափաքանակից ավելի ջուր օգտագործող դիտարկված ձկնաբուծարանները ՀՀ բյուջե չեն վճարել շուրջ 325 մլն 350 հազար 605 դրամ բնօգտագործման վճար։ Նշենք, որ ձկնատնտեսական նպատակներով օգտագործվող մակերեւութային եւ ստորերկրյա քաղցրահամ ջրերի 1 խորանարդ մետրի համար սահմանված բնօգտագործման վճարը կազմում է մեկ դրամ։

Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ առանց արտահանման լիցենզիայի 2017-2018 թվականների ընթացքում արտահանվել է 350 տոննա խեցգետին, որից միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր, իսկ ՊԵԿ-ի կողմից չի արգելվել անօրինական արտահանումը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խեցգետին արտահանել է 7 կազմակերպություն, բայց դրանցից միայն 4-ն են նախարարության հետ կնքել «Բնական կենդանական պաշարների օգտագործման» պայմանագրեր եւ ստացել 104 տոննա խեցգետնի որսի թույլտվություն։ Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ այդ կազմակերպությունները 2017-2018 թվականներին ՀՀ տարածքից արտահանել են շուրջ 245 տոննա ավելի շատ խեցգետին, քան նրանց օրինական ձեռքբերումները տվյալ ժամանակահատվածում։ Գործընթացը չի վերահսկվել Բնապահպանության նախարարության կողմից, քանի որ արտահանման վրա վերահսկողության գործառույթ չունի։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930