Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ վախեցնել փորձող Ադրբեջանը պիտի իմանա, որ նոր պատերազմից վախենալու առնվազն նույնքան հիմքեր ունի. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 02,2019 12:01

Ո՞րն է հայկական կողմի պատասխանը։ Դիվանագիտական ձեւակերպմամբ դա ԱՄՆ-ում հնչեցրեց պաշտպանության նախարարը՝ հայտարարելով, թե «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւն այլեւս չի գործելու, եւ դրան փոխարինելու է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» սկզբունքը։ Սա նշանակում է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը չի բավարարվելու միայն պաշտպանական գործողություններով, անցնելու է հարձակման եւ Ադրբեջանին տարածքային նոր կորուստներ է պատճառելու։ Ընդ որում՝ դրանք հենց այնպես, օդում ասված խոսքեր չեն։ Հայկական բանակը գերժամանակակից կործանիչներ է ձեռք բերել, համալրվում է հեռահար ճշգրիտ խոցման զինատեսակներով, զորավարժություններ են անցկացվում նաեւ հարձակողական սցենարներով, եւ այլն։ Այսինքն՝ փոխվում է ամբողջ տրամաբանությունը, որովհետեւ միայն արդյունավետ պաշտպանվելու ունակ բանակ ունենալը, պարզվում է, ադրբեջանցիները բավականաչափ ծանրակշիռ փաստարկ չեն համարում ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե հայկական կողմը դադարեցնելու է ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ նոր տարածքներ է գրավելու ադրբեջանցիներին ավելի խաղաղասեր դարձնելու նպատակով։ Ոչ իհարկե։ Պարզապես մեզ վախեցնել փորձող Ադրբեջանը պիտի իմանա, որ նոր պատերազմից վախենալու առնվազն նույնքան հիմքեր ունի։ Եվ մենք դրան պիտի հասնենք ոչ թե խրոխտ հռետորաբանությամբ, այլ բանակի սպառազինության տրամաբանությունն ընդլայնելու կոնկրետ քայլերով։ Ինչը եւ իրականացվում է։

Պարզ ասած՝ հայկական կողմի ուղերձը մոտավորապես սա է. շատ լավ, եթե գտնում եք, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այնքան էլ կարեւոր չեն, ու շփման գծի փոփոխությունը կարող է նաեւ «լեգիտիմ» լինել՝ թող այդպես լինի։ Բայց հետո չբողոքեք, եթե հանկարծ պարզվի, որ շփման գիծը փոխվել է ոչ ադրբեջանցիների օգտին։ Վերջին հաշվով՝ իսկ ո՞վ է ասել, որ մշտադիտարկումներն ու հետաքննությունների մեխանիզմը մեզ ավելի են պետք, քան ադրբեջանցիներին։ Հայկական բանակն ի վիճակի է ե՛ւ մշտադիտարկումներ իրականացնել, ե՛ւ հետաքննել, ե՛ւ դրա արդյունքում պատժել հրադադարի ռեժիմը խախտողներին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930