Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված երիտասարդ գործարարը՝ Գյումրու ամենաշքեղ ու կոլորիտով ռեստորանի տնօրեն

Ապրիլ 02,2019 00:07

Ճանաչված երիտասարդ գործարար՝ «Դիզայն Բուտիկ» ընկերության հիմնադիր Կարեն Հարությունյանը, որը նաև գլխավորում է Գյումրու պատմական կենտրոնում գտնվող նորակառույց  «Ֆլորենս Գյումրի» ռեստորանը, նշում է, որ իր սեփական բիզնեսը հիմնելով՝ փորձել է կոտրել այն կարծրատիպը, թե Գյումրիում աշխատանք չկա, գործազուրկների քաղաք է։

Կարեն Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանում հաջողակ գործարար լինելու համար նախ և առաջ պետք է լինել հայրենասեր, դիմացկուն ու ունենալ մեծ կամք։

-Գործարարի իմ կարիերիան սկսել եմ ուսանողական՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում սովորելու տարիներից։ Հիմնելով իմ սեփական բիզնեսը (խոսքը «Դիզայն Բուտիկի» մասին է,  որը զբաղվում է պետական ու ոչ պետական միջոցառումների կազմակերպմամբ՝ ամբողջական փաթեթով) փորձեցի ակտիվություն տարածել Գյումրիում, ինչու չէ, թեկուզ մեկ աշխատատեղ ստեղծելով՝ կոտրել այն  կարծրացած մտածելակերպը, թե Գյումրիում աշխատատեղ չկա։ Աշխատելով հասկացա, որ աշխատատեղեր կան, բայց աշխատողներն են շատ քիչ։ Իհարկե, հիմա 7 աշխատակից ունենք։

-Ձեր բիզնեսը ստեղծագործող, ճաշակ,  երևակայություն ունեցող աշխատակիցներ է պահանջում, միգուցե դա՞ է պատճառը, որ դժվարությամբ եք գտել համապատասխան կադրերի։

-Իհարկե, կադրերի փնտրտուքով շատ եմ զբաղվել, փորձել եմ նրանց գտնել Գյումրիում, փորձել եմ նաև վերապատրաստել, ու այն գեղեցիկը, որը տեսել եմ դրսում, փորձել եմ բերել մեր փոքրիկ, գողտրիկ քաղաք ու այստեղ ձևավորել միջավայր և՛ մշակութային, և՛ դիզայներական։

-Ձեր կարծիքով դիզայներական աշխատանքով զբաղվելու համար հատուկ կրթություն պիտի ստանա՞լ, թե՞ բնածին տաղանդը բավարար է։

-Իմ համոզմամբ, կրթություն ստանալով չէ, դա բնածին է, պիտի ունենաս մեծ երևակայություն, ունենաս տարբերվող հմտություններ, որ կարողանաս այն ամենը, ինչ մարդկանց համար ակնահաճո չէ, դարձնես գեղեցիկ, այնպես մատուցես, որ արվեստի գործոն դառնա։ Պատկերացրեք Գյումրին այս առումով ևս խստապահանջ քաղաք է,  ուրախ եմ, որ կարողանում ենք նրանց գոհացնել։

-Այժմ ղեկավարելու եք «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի աշխատանքները, որի բացումը, ըստ ձեր տարածած հայտարարության, ապրիլի 7-ին է, դժվար չէ՞ տարբեր ուղղվածություն ունեցող բիզնեսներ կառավարել։

-Քանի որ ունեմ կազմակերպչական աշխատանքներով զբաղվող  ընկերություն, անընդհատ առնչվել եմ ռեստորանների հետ ու շատ լավ պատկերացնում եմ ռեստորանային բիզնեսը, ինչ է կատարվում ներսում, որը մարդկանց այդքան էլ տեսանելի չէ։ Պատվով պիտի նշեմ, որ «Ֆլորենս Գյումրի» ռեստորանն ամբողջությամբ հանձնվել է ինձ, լրանում է արդեն մեկ տարին, որ զբաղվում եմ կազմակերպչական  բոլոր հարցերով․ վերակառուցումից, շինարարությունից  մինչև կահավորում, անձնակազմի հավաքագրում  ու նաև զբաղված եմ ռեստորանի ստարտափով։

Ասեմ, որ նախքան «Ֆլորենս Գյումրիի» տնօրեն նշանակվելու առաջարկը, մտածում էի հեռանալ Գյումրիից,  տեղափոխվել այլ երկիր,  բայց հիմա կմնամ իր քաղաքում ու այն, ինչ ինձ դուր չի գալիս Գյումրիում, կփորձեմ փոխել «Ֆլորենս Գյումրիի»  ու այն մարդկանց օգնությամբ, որոնք նվիրված են Գյումրիին։

Ասեմ, որ «Ֆլորենս Գյումրին» ևս առանձնանում է իր դիզայնով․ ռեստորանն ունի երեք հարկ, յուրաքանչյուր հարկում կան տարբեր սրահներ՝ բազմագույն ու բազմաժանր, որպեսզի հաճախորդն, ամեն անգամ այցելելով, գտնի իրեն հոգեհարազատ վայրը։ Ու ամեն անգամ մի սրահ հաճախելով՝ զգա, որ  մի ուրիշ տեղ է եկել, ոչ թե գա մի սրահ ու դրանով սահմանափակվի․ յուրաքանչյուր սրահ ստեղծել ենք տարբեր դիզայնով։

Ու փորձելու ենք այնպես անել, որ յուրաքանչյուր այցելու գտնի իրեն հոգեհարազատ երաժշտական ժանրը՝ ջազ, ռոք, շանսոն ու նաև հայկական ժողովրդական երաժշտություն։ Կհամագործակցենք հայտնի խմբերի հետ, բայց նաև նորեկ արվեստագետներին հնարավորություն կտանք, բեմ կտրամադրենք, նրանք մեզ մոտ աշխատելով՝ կդառնան պրոֆեսիոնալ։ Մենք շեշտը չենք դնում պրոֆեսիոնալ երաժշտի վրա, կարևորը կրթություն ստացած երաժիշտ լինի, ում կտրամադրենք համապատասխան գործիքները, համապատասխան վայրը և առիթ կլինի, որ իրենք ներկայացնեն իրենց գործերը հանրությանը։

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ շատ դժվար է Գյումրիում գտնել սպասարկման ոլորտի աշխատակիցներ, օրինակ՝ գյումրեցիները մատուցող կաշխատեն դրսում, բայց ոչ իրենց քաղաքում, մենթալիտետի խնդիր կա։ Կհաջողվի՞ ձեզ ծառայության որակով տարբերվել մյուս սպասարկման կառույցներից։

-Չենք ուզում մրցակցություն ունենալ մյուս ռեստորանների հետ, այլ ուղղակի ուզում ենք ստեղծել նորություն Գյումրի քաղաքում ու լինենք տարբերվող։ Թե ինչով կտարբերվենք, կարծում եմ թիմային աշխատանքով, որտեղ եղավ պրոֆեսիոնալ թիմ, իմ կարծիքով, գործը ստացված է։

-Գյումրիում շատ օբյեկտատերեր մատուցող, անգամ հավաքարար փնտրելիս բարետես արտաքին ու անգլերենի իմացություն են պահանջում։ Ձեր պարագայում ինչպե՞ս է։

-Պարտադիր պայմանն այն է, որ աշխատակիցը լինի Գյումրիից, քանի որ ռեստորանը Գյումրիում է կառուցվել, նվեր է գյումրեցիներին, աշխատակազմն անպայման պիտի լինի Գյումրիից։ Ես մեկ անգամ ևս նշել եմ՝ շատ ինքնակենսագրականներ ունենք, որոնք տարբեր վայրերից են եկել, բայց մենք նախապատվությունը տվել ենք գյումրեցուն, ճիշտ է, շատ չեն համապատասխանում չափանիշներին, բայց փորձում ենք անընդհատ աշխատելով դարձնել գործին գիտակ մարդ։

Պատկերացրեք բավականին կրթված երիտասարդներ ունենք, սպասարկող անձնակազմի գրեթե 90 տոկոսը տիրապետում է լեզուների, մարդ կա տիրապետում է երեք լեզվի։ Այն աշխատակիցները, որոնք չեն տիրապետում, չնայած սեղմ են մեր ժամկետները, բայց կփորձենք այնպես անել, որ հարցին լուծում գտնենք։

Մեր ռեստորանը ինչքան էլ գյումրեցիների համար է, այնքան էլ զբոսաշրջիկների համար է, կարևոր է, որ զբոսաշրջիկը ներս մտնելով       նրան ճիշտ բացատրվի ամեն ինչ, ու դա հասնի տեղ։

Իսկ բարետես ասվածի շուրջ մենք չենք էլ զրուցել, մեզ համար բարետեսը պրոֆեսիոնալ անձն է, ուշադրություն ենք դարձնում պրոֆեսիոնալիզմին ու հիգիենային,  իսկ սպասարկման ոլորտի շատ վայրերում ուշադրություն չեն դարձնում, որը առաջին պայմանն է։

-Ըստ ձեզ՝ «Ֆլորենս Գյումրին» կդառնա՞ այսպես ասած էլիտար ռեստորան։

-Ես չեմ ուզում օգտագործել էլիտար բառը։ Օրինակ՝ մայրաքաղաքի «Ֆլորենս»-ը համարվում է էլիտար ռեստորան։ Իսկ այստեղ ֆորմատը ուրիշ է, տարբերվող է, դու կարող ես մտնել ռեստորան ու պատերին տեսնել հետաքրքիր նկարներ, որոնք անընդհատ փոփոխվելով՝ թանգարանային սրահ են հիշեցնելու։

Այսինքն՝ մենք այստեղ մշակույթն ենք ներկայացնում և՛ Գյումրվա մշակույթը, և՛ այլ երկրների։ Ներկա պահին ունենք նկարահանող խումբ, որը շրջում է Գյումրիում և տեսարժան վայրերը՝ քաղաքի թանգարանները, եկեղեցիները, պատմական շենքներն ու դռները լուսանկարում է, և այդ լուսանկարները տեղ են գտնելու մեր սրճարանում և ռեստորանային հատվածում։ Այդ լուսանկարների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնելու մեր ռեստորանի պատմական շենքի լուսանկարը, ինչպիսին է այն եղել, հիմա ինչ է դարձել։ Այս ամենը ռեստորանում կցուցադրվի հանրությանը։ Մենք սրանով փորձում ենք հեշտացնել նաև զբոսաշրջիկների գործը, նրանք, գալով մեր ռեստորան, լուսանկարները նայելով, արդեն պատկերացում կունենան, թե ուր կարելի է այցելել Գյումրիում։

Ուզում եմ նաև գների մասին խոսել, գնային քաղաքականություն ընտրելիս, անխոս․ հաշվի ենք առել, թե որ քաղաքում է գտնվում ռեստորանը, սոցիալական ինչ վիճակում է քաղաքի բնակչությունը։ Այստեղ գները թանկ չեն լինի, կլինեն միջինացված գներ։

-Գիտեք, որ նախագահ Արմեն Սարգսյանը հաճախակի է լինում Գյումրիում, նա իր տիկնոջ հետ երբեմն մնում է Գյումրիում, զբոսնում քաղաքի պատմական կենտրոնով ու առիթը բաց չի թողնում գովաբանելու այս չքնաղ քաղաքը։ Նախագահը նաև հայտարարում է՝ հայրենասիրությունն այն չէ, որ Ամանորը նշեք հարևան Վրաստանում, այլ այն, որ ծնունդ-կնունք, հարսանիք նշելու համար հասնեք Գյումրի։ Կկարողանա՞ք  նախագահի ցանկությունը իրականություն դարձնել, կա՞ պլանավորված աշխատանք, որի արդյունքում հանրապետության մյուս վայրերից ու թեկուզ հարևան երկրից հաճախորդներին հասցնեք այստեղ, ինքներդ խթանեք տուրիզմի զարգացմանը։

-Ինձ հաճախ հարց են տալիս, թե ինչ վայր է դառնալու «Ֆլորենս Գյումրի» ռեստորանը, ես ասում եմ՝ այն դառնալու է Գյումրու այցեքարտը։ Այսինքն՝ մեծ հետաքրքրություն կա թե՛ զբոսաշրջիկների, և՛ թե հանրապետության բոլոր մարզերի բնակչության կողմից, թե երբ է բացվելու նորակառույց ռեստորանը։ Շատ զանգեր ենք ստանում, թե գալիս ենք, այսինչ օրը կլինենք Գյումրիում, ընդունեք մեզ, մենք ասում ենք, որ դեռ չենք բացել ռեստորանը։ Հետաքրքրություն շատ-շատ է։

Երկրի նախագահի անունը տվեցիք, այո, նախագահը շուտ-շուտ է այցելում Գյումրի,  վերջերս նրան ուզում էին ուղեկցել «Ֆլորենս Գյումրի», ուղղակի ռեստորանը դեռ բացված չէր, մտածում էինք՝ ինչ հետաքրքիր տարբերակ մշակենք, ինչ-որ հատված բացեինք, նախագահին ընդունենք, բայց նորոգման փուլում էինք․․․Վստահ եմ, որ բացվելուց հետո նախագահն անպայման կայցելի մեզ և այն կդառնա Գյումրիում նախագահի սիրելի վայրերից մեկը։

Ռեստորանն անընդհատ ունենալու է միջոցառումներ, շաբաթական երեք անգամ կազմակերպվելու են կենդանի հնչողությամբ համերգներ ու ամեն անգամ նորացված երգացանկով են հանդես գալու երաժիշտները։ Մտածել ենք նաև յուրաքանչյուր ամիս ունենալ մի երկրի նվիրված ինչ-որ միջոցառում, այսինքն՝ կպատրաստվեն տվյալ երկրի ճաշատեսակները, կհրավիրվի տվյալ երկրի դեսպանը։ Այս հարցում ես կհամագործակցեմ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ, որի անդամ եմ նաև ես ու որտեղ միջոցառումների կազմակերպմամբ եմ զբաղվում։ Մտածել եմ առաջարկներ ներկայացնել տվյալ կազմակերպությանը և իրենց օգնությամբ այս միջոցառումները իրականություն դարձնել ռեստորանում, քանի որ իրենց կապերը մեծ են աշխարհի տարբեր երկրների հետ, Եվրամիության տարբեր երկրների հետ տարբեր միջազգային ծրագրեր են իրականացնում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    … Ես երբ Ֆլօրանս երթամ /և ստէպ կ՛երթամ/ երբեք ԳԻՒՄՐԻ կամ ՍՊԻՏԱԿ անունով ճաշարանի չեմ հանդիպիր ; Ես չեմ հասկնար մեր օտարամոլութեան բարդոյթը – Ինչ ՞ գործ ունի ՖԼՕՐԱՆՍԸ Գիւմրիի մէջ ? Այդ չի նշանակեր որ ուրախ չեմ ձեր գործարար ծրագիրներուն -ընդհակառակն Ապրիք և յաջողիք ;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930