Վերջերս լույս է տեսել Սյուզան Փաթիի հեղինակությամբ գիրքը՝ նվիրված Առաջին աշխարհամարտի օրերին Հայկական լեգեոնի ձևավորմանն ու հետագա գործունեությանը: Մայրաքաղաքում օրերս անցավ այս գրքի շնորհանդեսը:
«Հայկական լեգեոներները. Առաջին աշխարհամարտի զոհաբերություններն ու պատերազմները» վերնագրով գիրքը Սյուզան Փաթիի հեղինակությամբ անդրադառնում է Առաջին աշխարհամարտի ժամանակ հայկական լեգեոնի զինվորների վերապրած օրերին ու նրանց ճակատագրերին: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս Վաշինգտոնի սուրբ Խաչ եկեղեցուն կից դահլիճում:
«Գիրքը ավելի շատ լեգեոներների մասին է, քան պատերազմի: Շատ մարդիկ, ովքեր ջարդերից հետո ներգաղթել էին ԱՄՆ կամ Ֆրանսիա, ապահով էին արդեն, բայց վերադարձան այդ վտանգավոր շրջան»,- նշում է հեղինակը:
Առաջին աշխարհամարտի ընթացքում խոշոր տերությունները ձևավորում էին ազգային լեգեոններ՝ բաղկացած օտարերկրացիներից, որոնք մասնակցում էին ռազմական գործողություններին: Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հովանու ներքո ստեղծված ազգային զորամիավորումների շարքում էր նաև Հայկական լեգեոնը:
Այն ձևավորվել էր տարբեր երկրներից այստեղ ժամանած հայերից։Հատկապես ակտիվ էին Եգիպտոսում բնակվող հայերը, ովքեր այստեղ էին գաղթել ֆրանսիացիների օգնությամբ՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից: 1918 թ. հուլիսի դրությամբ հավաքագրված էր ավելի քան 50 սպա և ավելի քան 4000 զինվոր: Յուրաքանչյուրն ուներ այստեղ գտնվելու իր սեփական պատճառը։
«Ցանկանում էին փրկել իրենց ընտանիքները կամ վրեժխնդիր լինել ջարդերի համար: Պատճառները զանազան էին: Հատկապես ցանկանում էին ինքնավարություն Հայաստանի համար և հույս ունեին, որ բրիտանացիներն ու ֆրանսիացիները կօգնեին իրենց»,- կարծում է Սյուզան Փաթին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի ձայն»-ի կայքում