Գոլանի բարձունքների հարցի եւ Արցախյան հակամարտության միջեւ զուգահեռ տանելը քաղաքական եւ իրավական առումով ճիշտ քայլ չէ։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի սուվերենությունը ճանաչելուն եւ այդ փաստն Արցախյան հակամարտության համատեքստում որպես նախադեպային օրինակ դիտարկելու մասին մի շարք փորձագետների գնահատականներին։ «Գոլանի բարձունքների շուրջ զարգացումները որեւէ կապ չեն կարող ունենալ Արցախի հետ։
Գոլանի բարձունքներն, ըստ էության, վաղուց դե ֆակտո համարվել են Իսրայելի տարածք եւ չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից, իսկ Արցախի խնդիրը փոքր-ինչ այլ է։ Արցախն իր հերթին չճանաչված պետություն է»,-մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։
Նա միաժամանակ շեշտեց` չի բացառվում, որ Թրամփի նշյալ քայլն այլ ուղերձ ունի. «Հնարավոր է հետեւյալը։ Ենթադրենք, որ հայկական զինուժն, օրինակ, Նախիջեւանի որեւէ հատվածում վերցնում է որեւէ տարածք, որը վտանգ է ներկայացնում ՀՀ-ի անվտանգության համար, օրինակ` մի քանի հենակետ, այստեղ տեղակայում է իր ուժերն ու ասում, որ այդ հատվածում ինքը պետք է ունենա գերիշխող դիրք` անվտանգության ապահովման համար։ Այս դեպքում հայկական կողմը կարող է հղում անել Գոլանի բարձունքների հարցին` անվտանգության ապահովման համատեքստում։ Բայց Գոլանի հարցը չի կարող նախադեպ լինել Արցախի ճանաչման համար»:
Այլ մանրամասները տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ