ԱՆ փոխնախարարին կաշառք տալու մեջ կասկածվող գլխավոր մանկաբարձ, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանն (լուսանկարում) այսօր վատառողջ է եղել, ըստ նրա աշխատակիցների՝ աշխատանքի չի գնացել: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, կաշառք տվողը եղել է Ռազմիկ Աբրահամյանը:
Նա այսօր ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին:
«Ինձ համար անհասկանալի է, ոչինչ չեմ կարող ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում կաշառք տալու վերաբերյալ մեր հարցին այսպես պատասխանեց գինեկոլոգ Արա Դրամփյանը: Մեր հարցին՝ Ռազմիկ Աբրահամյանին այսօր տեսել է, թե՝ ոչ, պարոն Դրամփյանը կարճ պատասխանեց՝ ինքը վատառողջ էր: Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, ասաց՝ քննություն է ընթանում, քննությունը կպարզի: Ընդունարանից էլ մեզ հայտնեցին, որ իրենց ղեկավարն այսօր աշխատանքի չի գնացել:
Ռազմիկ Աբրահամյանի տեղակալ Արմեն Բլբուլյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նոր է վերադարձել Ռուսաստանից ու ոչինչ չգիտի. «Ձեզ ոչինչ չեմ կարող ասել, այ դուք հարցրեք ՝ ինչ կոնգրեսների եմ գնում, ինչ զեկուցումներ եմ տանում, ես ձեզ ասեմ»:
Կարդացեք նաև
Ռազմիկ Աբրահամյանի՝ հնարավոր կաշառք տալու վերաբերյալ մեր հարցերին նա պատասխանեց իր ղեկավարի գովքն անելով. «Ինքը Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս մարդ է, դուք ինչի եք էս ամեն ինչը սարքել չգիտեմ ինչ, ես մանրամասները չգիտեմ, բայց եկեք, իմանանք՝ ում մասին ենք խոսում, նա այնքան մեծ ծառայություններ ունի այս ազգին արած, այնքան մեծ բաներ ունի արած, նա պարզապես պրոֆեսոր չէ, նրան շատ հարգում են թե ԱՊՀ տարածքում, թե ամեն տեղ, շատ մեծ բաներ ունի արած… հետո եկեք անլուրջ մոտեցում ցույց չտանք, որովհետեւ այսօր հեղափոխությունից հետո հեղափոխական իրավիճակ է մեզ մոտ: Ես այս ամեն ինչով շատ ոգեւորված եմ, որ ազգը գնում է դեպի պայծառ ապագա»:
Հիշեցնենք նաեւ, որ այսօր ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է՝ Կաշառք վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ