ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը երեկ Բրատիսլավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի (որը հանդես էր գալիս նաև մյուս համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) անունից), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Գործող նախագահին տեղեկացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքի մասին:
Գործող նախագահը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը և առաջնորդների պատրաստակամությունը՝ ձեռնարկել հետագա, շոշափելի քայլեր՝ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար:
«Մենք շարունակում ենք դրական գնահատել և աջակցել այս գործընթացին և հրադադարի ռեժիմն ամրապնդելու ու հումանիտար ոլորտում միջոցներ ձեռնարկելու ղեկավարների հանձնառությանը»,- ասել է Լայչակը: