Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Դանիել Երաժշտի հետ» խորագրով ծրագրի հերթական հանդիպումը: Այն նվիրված էր Կոմիտասի ծննդյան 150- ամյակին: Այս ծրագրի նպատակը մարդկանց երաժշտական արվեստին մոտեցնելն է: Միջոցառման խորագիրն էր՝ «Վիլլի Սարգսյան – Կոմիտասիանա»:
Միջոցառման սկզբում ընտրվեց հանդիպման բնաբանը` Կոմիտասի խոսքերով. «Որքան ապրի հայկական երաժշտությունը այնքան կապրի Հայաստանը »: Դանիել Երաժիշտն ասաց. «Սովորաբար ասում են՝ որքան ապրի հայությունը, այնքան կապրի պետությունը, արվեստը ու մշակույթը: Տեսեք՝ ինչ է ասում Կոմիտասը՝ երաժշտությունը և մշակույթը կարող են պահել պետությունը: Երևի նա նկատի ուներ օրորոցային երգերը. այդտեղից է սկսվում ազգը»:
Անդրադարձ կատարվեց Կոմիտասի կենսագրությանը, հիշարժան դեպքերին և նաև օտարազգի ու հայ ստեղծագործողների կարծիքներին:
Կոմիտասը մեծ ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դրա մասին են վկայում այն, որ օտարազգի երաժիշտները շատ հաճախ են կատարում նրա երգերը ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում հնչեցին « Կռունկ», «Ալագյազ և խնկի ծառ», « Քելեր- Ցոլեր», «Երկինքն ամպել ա» երգերը Վահագն Վարդանյանի (դաշնամուր), Շուշան Կրպոյանի (սոպրանտ), Լիլիթ Հովհաննիսյանի (սոպրանտ) կատարմամբ: Դանիել Երաժիշտը բոլոր երգերից առաջ ներկայացնում էր դրանց խոսքերը, որպեսզի հանդիսատեսի համար ավելի հասկանալի ու սրտին մոտ լինեն դրանք:
Կարդացեք նաև
Միջոցառման վերջում խոսեց դաշնակահար, երաժշտագետ Վիլլի Սարգսյանը, որը Կոմիտասի երգերը ներկայացրել է դաշնամուրային փոխադրությամբ: Նա ասաց. «Ազգի ակունքային ճշմարտությունը ժողովրդական երգն է: Կոմիտասը մեր երգի համար արել է անգնահատելի մի բան. նա ոչ միայն հիանալի ստեղծագործող է եղել, այլև բացառիկ կատարող»:
Մերի Հայրապետյան