Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը եւս երկու հեծանվորդների՝ Ջանիկ Գրիգորյանի եւ Վազգեն Ոսկանյանի հետ միասին այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»:
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ի հետ զրույցում ուրախությամբ տեղեկացրեց, որ միջազգային ֆեդերացիան Էդգար Ստեփանյանին Եվրոպական խաղերի մասնակցության երկրորդ քվոտան է տվել:
«Էդգարը Մինսկում խճուղային հեծանվավազքում հանդես գալու իրավունք ուներ, սակայն օրերս նրա համար ստացանք նաեւ օլիմպիական օմնիում մրցաձեւում մասնակցելու թույլտվությունը: Այս հավաքով Էդգարն սկսում է նախապատրաստվել տարվա կարեւոր մեկնարկներին: Անցած տարեվերջին ստացած վնասվածքից Էդգարն ապաքինվել է: Նա արդեն սկսել է լիարժեք մարզվել ու աստիճանաբար մարզավիճակ հավաքել: Հավաքն ու մարզումներն ավելի արդյունավետ լինելու նպատակով նրա հետ են մեր եւս երկու շնորհաշատ պատանի հեծանվորդները, որոնք արդեն իսկ իրենց տարիքի համեմատ բարձր արդյունքներ են ցույց տալիս եւ ապագայի հույսեր են ներշնչում մեզ: Մասնավորապես, Ջանիկ Գրիգորյանի համար մենք դիմել ենք միջազգային ֆեդերացիա, որպեսզի նրան բացառության կարգով թույլ տան մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի երիտասարդական առաջնություններին ու սպասում ենք պատասխանի:
Էդգարի հետ ապրիլ ամսին Տուլայում եւ Մոսկվայում կմասնակցենք «Գրան Պրիների», որոնք վարկանիշային են թե աշխարհի առաջնության, թե օլիմպիական խաղերի համար: Անցած տարվա չարաբաստիկ վնասվածքի պատճառով մենք օլիմպիական անչափ կարեւոր միավորներ կորցրինք, որի պատճառով Էդգարը համաշխարհային դասակարգման վարկանիշով 8-րդից հիմա նահանջել է 41-րդ հորիզոնական եւ Տոկիո մեկնելու շատ փոքր հեռանկար ունի: Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր տրվում է 24 լավագույն երկրներին: Սակայն Էդգարը պայքրարող մարզիկ է ու չի հանձնվում: Եթե այս տարի մեր նախատեսած բոլոր մրցումներին մասնակցենք, բարձր միավորներ հավաքենք ու ճակատագիրն էլ մի փոքր բարեհամբույր լինի, հույս կա»,-ասաց մարզիչը:
Կարդացեք նաև
Մնում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունն էլ ամեն կերպ աջակցի մարզիկին, մանավանդ, որ այս տարի ֆեդերացիային հատկացված բյուջեն ավելացվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ