Լրահոս
Օրվա լրահոսը

Ուան Յինը Հայաստան եկավ Թավշյա հեղափոխության օրերին ու սիրեց Հայաստանը

Ապրիլ 01,2019 17:20

Ինչպես պատմությունից արդեն հայտնի է՝ հայերին և չինացիներին միավորում են հին բարեկամական կապերը, որոնց արմատները դարերի խորքում են` Մետաքսի ճանապարհի դարաշրջանում:
Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, երբ Հայաստանը դեռ նոր էր անկախություն ձեռք բերել, և եթե հետ հայացք գցենք, կտեսնենք, որ այս 27 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով: Հայաստան այցելած չինացիները հաճախ են տարբեր առիթներով պատմում, որ Երևանում թե՛ ապրելը, թե աշխատելը, բավականին հետաքրքիր է իրենց համար:

Զրուցակիցս՝ Ուան Յինը, մեկն է այն չինացիներից, որը մեկ տարի առաջ՝ Թավշյա հեղափոխության օրերին, եկավ Հայաստան, սիրեց այն ու որոշեց՝ մեկնելուց հետո անպայման վերադառնալ. «Ես սիրում էի ճանապարհորդել, արդեն իսկ եղել էի շատ երկրներում, երբ եկա Հայաստան: Այստեղ սկզբում մարդկանցից սառնություն զգացի, նրանք չէին ժպտում, բայց հեղափոխության օրերին բոլորը երջանիկ էին, մարդիկ փոխվել էին, ես ամբողջությամբ նկատեցի, որ մարդիկ ազնիվ են»,-ասաց նա:

Սկզբում Ուանը այցելում էր ոչ հանրային վայրեր, շատ էր ուզում տեղացիների հետ շփվել, բայց լեզու չգիտեր, ու երբ մի օր գնաց Եղեգնաձոր, վերջապես ընկերներ գտավ: «Մի տղա կար, որը խոսում էր անգլերեն, մենք հաճելի վայրեր գնացինք ու լավ ժամանակ անցկացրինք միասին»,-նշեց մեր զրուցակիցը:

Քիչ-քիչ ամեն ինչ փոխվեց տղայի համար: Պատմում է՝ իր ճանապարհորդական փորձից հասկացել է, որ այստեղ մարդիկ սիրում են չինացիներին. «Երբ մարդիկ տեսնում են, որ դու իրենց ընկերական ես վերաբերվում, սկսում են իրենք էլ նույն կերպ վերաբերվել քեզ, հատկապես, որ ես մի քիչ էլ հայերեն գիտեմ»:

Իմանալով, որ չինացի է, մարդիկ Ուանի հետ խոսում են ալիէքսպրեսի, Ջեկի Չանի մասին(պատմելիս ծիծաղում է-Ի.Թ.): Հիմա տղան Հայաստան է եկել 3-4 ամիս մնալու նպատակով, ասում է այստեղ խանութները թանկ չեն և հարմար են իրեն: Եթե հասկանա՝ այստեղ ամեն ինչ լավ է, կերկարաձգի մնալու ժամկետը, հատկապես, որ պատճառները շատ են. «Վերադարձա Հայաստան, որովհետև այստեղ ընկերուհի ունեմ և նրան շատ եմ սիրում, բացի այդ կարծում եմ այստեղ ապրելը լավ ընտրություն է. մարդիկ, ջուրը, օդը, կրթությունը, ամեն ինչ լավ է ապրելու համար ու առողջարար: Հիմա ցանկանում եմ վիդեոներ անել, հետո, եթե ամեն ինչ լավ լինի, միգուցե խանութ բացեմ: Ես ձգտում եմ ապրել այստեղ»:

Ուանը Ստեփանակերտն էլ է շատ սիրում: Ասում է, այնտեղ էլ հաճույքով կապրեր:
Նրա օրը Հայաստանում հետաքրքիր է անցնում: Ազատ ժամանակ բասկետբոլ է խաղում, հանդիպում ընկերուհուն, ընկերներին, որոնց հետ երբեմն քաղաքից դուրս արշավների են գնում՝ Աշտարակ, Կարբի, Բջնի:

Իննա Թումանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930