Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է դադարենք այս հանդիպումներին նայել իբրև մենամարտ». Միքայել Զոլյանը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

Ապրիլ 01,2019 17:12

«Պետք է դադարենք այս հանդիպումներին նայել իբրև մենամարտ, այնպես չէ, որ մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում»,- «Հոդված 3» ակումբում «Բանակցություններ Վիեննայում. կարգավորման շարունակությո՞ւն, թե՞ նոր փուլի սկիզբ» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Վիեննայում մարտի 29-ին կայացած Ալիև-Փաշինյան հանդիպմանը:

Ըստ Միքայել Զոլյանի՝ այս հանդիպումներն ի վերջո խաղաղության գործընթացի մի մասն են. «Այնքան խնդիրներ են կուտակվել, որ նման հանդիպումները մեկ, երկու, հինգ, տասնյակ անգամներ պիտի լինեն, որ որևէ լուրջ առաջընթաց լինի: Պետք չէ դրան նայել որպես մենամարտ: Բայց մյուս կողմից նաև հսկայական առաջընթաց չպետք է սպասել յուրաքանչյուր հանդիպումից»:

Միքայել Զոլյանն ընդհանուր առմամբ հանդիպումը դրական գնահատեց, քանի որ երկխոսությունը վերսկսվեց ամենաբարձր մակարդակով: Դառնալով Նիկոլ Փաշինյանի հռչակած Արցախին՝ որպես բանակցային երրորդ կողմ ընդգրկելու մասին ձևաչափին, պատգամավորն ասաց. «Վարչապետը հանգամանալից խոսեց այս մասին: Ի վերջո ՀՀ ղեկավարը՝ լինի վարչապետ, թե նախագահ, ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից, Արցախի քաղաքացիներն այս ընտրություններին չեն մասնակցում: Եթե նախկինում ՀՀ ղեկավարը, Արցախի ծագում ունենալով և Արցախում պետական պաշտոն զբաղեցնելով, ինչ-որ չափով ֆորմալ առումով կարող էր հավակնել, որ ներկայացնում է Արցախը, հիմա ասվում է, որ խոսքը Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու մասին է: Մենք խոսում ենք ոչ թե ձևաչափը փոխելու, այլ  այն վերականգնելու մասին: Առավել ևս, 1990-ականներից հենց այս ձևաչափով էին բանակցությունները տեղի ունենում: Եթե մենք շահագրգռված ենք հակամարտության կարգավորմամբ, ապա Արցախի վերադարձը բանակցային սեղանին հրամայական է: Մենք շահագրգռված ենք, որ այդ կարգավորումը տեղի ունենա, իսկ դրա համար Արցախի վերադարձը պարտադիր է»:

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ ասել, որ սա հաղթել է, նա պարտվել, լավ տոն չէ. «Երեսուն տարի շարունակում ենք ասել, թե մենք հաղթեցինք, բայց պարզվում է, չենք հաղթել: Ոչ թե պետք է ասել հաղթել, այլ չպարտվել: Դիվանագիտության մեջ չպարտվելն արդեն հաղթության նշան է: Երբ անընդհատ ասում ենք Արցախի վերադարձի մասին, դա ծիծաղելի է հնչում: Դա եղել է 1998-ին, բայց դիվանագիտական դեմարշների պատճառով մենք դուրս մնացինք այդ գործընթացից: Հիմա արդյոք հնարավո՞ր է արագ վերադառնալ այդ մեկնակետին, բավականին դժվար բան է: Այդ դեպքում լրիվ փոխվում է Ադրբեջանի ամբողջ մտածելակերպն ու գործելակերպը: Երրորդ կողմի մասնակցությունը երկու կողմերի բանակցությունների ֆոնին կարևոր է: Պատմականորեն ապացուցված է, երբ երրորդ կողմի համար բանակցում են երկու կողմերն՝ առանց երրորդ կողմի մասնակցության, ապա դա ունենում է շատ տխուր հետևանքներ»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ բանակցությունները բավական լավ մակարդակի վրա են անցել. «Երկու կողմերն էլ արձանագրեցին, որ բանակցությունները պետք է շարունակվեն, ինչն էլ հենց ակնկալվում էր այս հանդիպումից: Փորձ արվեց վերակենդանացնել գործընթացը: Այն, ինչ հիմա կատարվում է, ռեսթարթի փորձ է: Մադրիդյան սկզբունքների փոփոխության մասին այս պահին խոսելը լուրջ չէ: Հիմա նման խնդիր դրված չէ: Հետաքրքիր է սինքրոնիզացիայի հետ կապված գործընթացը, որի մասին խոսում են Փաշինյանն ու Տոնոյանը»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նշեց, թե այն կարծիքին է, որ գոնե այս պահին, երբ բանակցությունները վերսկսելու փորձեր են արվում, չի կարելի գործընթացին մոտենալ հաղթանակ-պարտություն մոդելով: Դառնալով Վիեննայում կայացած հանդիպմանը՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Վիեննայի տեքստում  բառ անգամ չեք գտնի, որ այն համարվել է բանակցություն, այն համարվել է հանդիպում, ինչը նշանակում է, որ այսպիսի հանդիպումներով պատրաստվում են բանակցությունների: Ադրբեջանի նախագահը բավականին մեծ ազատութուն է տալիս սեփական խոսքին: Այս հանդիպումները կոչել ԼՂ կարգավորման խորը գործընթաց չենք կարող: Վիեննայի տեքստը կարդալով՝ տեսնում ենք՝ հայկական կողմից ոչ միայն բանակցությունների համար նորմալ պայմանների ապահովումն է, այլ  պատերազմի հեռացումը, տարածաշրջանն ավելի կայուն և ինստիտուցիոնալ առումով երաշխավորված ստաբիլացումն է, ինչը փորձ է արվում անել ապրիլյան պատերազմից հետո»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Վերջապես տղամարդավարի մի երկու բառ խոսեց Ազերի նախագահ՝ Իլհամը:Թե չէ անընդատ «բուքսավատ» էր անում ու կմկմում էր այծի նման:Եթե կարողանա նույն կտրվածքով կնոջ
    հարցերն էլ այսպես լուծել, թե ինչպես գեղեցկուհի Մեհրիբան, նման գազանին դավաճանում է «Եվրոպայի վերջին դիկտատորի» բեղավոր Բատկայի հետ,կլինի Իլհամի փայլուն հաղթանակը:
    Չնայած նա էլ տղամարդ տղա է,Բելառուսիայի բյուջեի հաշվին պալատ կառուցեց մուսուլմանական կապրիզով իր սիրելի Մեհրիբայի«մեռածն ինչ էլ անուն ունի» համար:
    Խոստանում եմ 100 մոմ վառեմ այն օրը երբ դուք մեծարգո փաշա, կուղղեք մեր սխալը որ մենք թույլ տվինք 1994թ մայիսին, Ելցինի բազմաչարչար խնդրանքով չգրավեցինք Բաքուն:Ուղղակի, անմեղ Ազերի ժողովուրդն է տուժվում,բայց ինչ արած «Ձուկ բռնողը թրջվելուց չպիտի վախենա»:

    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930