Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանն այսօր թատրոնի աշխատաժողովի ժամանակ, որին մասնակցում էր թատրոնի ողջ անձնակազմը, իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ Գյումրու քաղաքային իշխանություններն ու Շիրակի մարզից ընտրված ԱԺ նորընտիր պատգամավորները կտրվել են թատրոնից, անգամ մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ուշադրության չեն արժանացել։
Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, նրանք թատրոն են հաճախում այն ժամանակ, երբ երկրի ղեկավարներն են գալիս որևէ ներկայացում դիտելու։ Նա հիշում է, որ օրինակ՝ Շիրակի նախորդ մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը հիմա ԱԺ պատգամավոր է, վերջին անգամ թատրոնում եղել է այն ժամանակ, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եկել էր «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու։ Մինչդեռ, նախորդ պատգամավորները՝ թե՛ Մարտուն Գրիգորյանը, թե՛ Արման Սահակյանն ու Սուքիաս Ավետիսյանն առիթը բաց չէին թողնում թատրոն այցելելու, իրենց ջերմ վերաբերմունքը ցույց տալու։
«Մենք ունեինք թատրոնի միջազգային օր, թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում, Լիբանանում։ Գյումրու թատրոնի մասին ավելի շատ խոսում են դրսում, նրանց ավելի շատ է հետաքրքրում, քան մեր քաղաքային իշխանություններին։ Թատրոնի միջազգային օրն էր, Գյումրին ուներ քաղաքապետ, Շիրակն ունի մարզպետ, հուսամ, որ մեր հանդիպումը կլինի նորանշանակ մարզպետի հետ, որևէ մի վերաբերմունք․․․
Գյումրու թատերախումբը եղավ ԱՄՆ-ում, տարբեր նահանգներից եկան, նաև քաղաքապետը եկավ, հանդիպում ունեցավ, ի վերջո, թատրոնը տարբեր առաջընթացներ, հաջողություններ է ունեցել։
Կարդացեք նաև
Ունենք պատգամավորներ, նախորդները գալիս էին, հետաքրքրվում, ուզում եմ հասկանամ, իրենց չի հետաքրքրո՞ւմ թատրոնը։ Գիտեք խնդիրն ինչ է, անկեղծ ասեմ՝ դերասանին պիտի շոյել ու ասել՝ շնորհավոր քո տոնը, նրանք էլի իրենց նվիրումը չեն կորցնի, բայց մեկ-մեկ զարմանում եմ, որովհետև մեր թատրոնը գիտեք հրավիրվել է նաև Երևանի միջոցառմանը՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետարանն էր հրավիրել։ Վանաձորի քաղաքապետն էր նաև հրավիրել, իսկ մեր քաղաքային իշխանությունները թատրոն գալիս են այն ժամանակ, երբ ինչ-որ ղեկավար է գալիս թատրոն։ Ճիշտն ասած, սա ինձ մի քիչ անհանգստացնում է, մենք աջակցության կարիք չունենք, մենք հոգատարության կարիք ունենք։ Աշխատանքները նորից կընթանան, Գյումրու թատրոնը նորից կշարունակի իր աշխատանքը, կունենանք լավ ներկայացումներ, հյուրախաղերով դուրս կգանք տարբեր մարզեր, բոլոր մարզերում տարբեր քաղաքապետեր ներկա են եղել, հրավիրում են մեզ միջոցառումների, բայց չգիտես ինչու․․․
Մենք ունենք ԱԺ պատգամավորներ, մարզպետ ունեինք, որը ներկա պահին պատգամավոր է, այդ ընթացքում գոնե մեկ անգամ գար թատրոն, տեսներ՝ ինչ է կատարվում, ներկայացումներ եղե՞լ են, չե՞ն եղել, մի քիչ կտրվել են թատրոնից, որի համար ես մի քիչ անհանգստանում եմ, կուզենայի հիշեին, որ թատրոնը կա ու թատրոնն աշխատում է։ Գիտեք, մենք ճիշտ ենք աշխատում ու լավ ընթացք ունենք, Գյումրու թատրոնը Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում ավելի շատ է ներկայացումներ խաղում, քան Գյումրիում։ Ի ուրախություն մեզ, մեր պահանջը կա տարբեր քաղաքներում։ Գյումրու թատրոնն այսօր հրավեր ունի Իրանից, Ավստրալիայից․․․»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լյուդվիգ Հարությունյանի լուսանկարը՝ իր ՖԲ էջից
Վանաձորի թատրոնն էլ շուտով խելքը գլուխը կհավաքի, չնայած Շահվերդյանը դեռ չի հեռացել: