Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է վերականգնել շրջանառության հարկի նախկին շեմը՝ 58.35 մլն դրամից դարձնելով 115 մլն դրամ: Սակայն, բոլոր նրանք, ովքեր արդեն դարձել են ԱԱՀ հարկ վճարողներ, գերազանցել են 58.35 մլն դրամի շեմը, չեն վերադառնա շրջանառության հարկի դաշտ: Այս մասին այսօր խորհրդարանում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ասաց, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա քննարկման մասնակիցների համար մանրամասնում էր ՓՄՁ-ներին առնչվող Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխությունները:
Փոխնախարարն ասաց` խնդիր էր դրված պարզեցել հարկային համակարգը. «Եվ այս համատեքստում, առաջին համակարգային նշանակություն ունեցող փոփոխությունը, որ նախաձեռնել ենք, միտված է հարկման բազմազանությունը կրճատելուն՝ այս կերպ պարզություն մտցնելով հարկային օրենսդրության մեջ»: Գործող օրենսդրությամբ 5 հարկման համակարգ կա, որոնք մեկը մյուսին լրացնում են, բացառում, բայց, ըստ փոխնախարարի, այդուհանդերձ բազմազանությունը կա:
Նախարարը հետեւյալ մանրամասները ներկայացրեց. ինքնազբաղված անձանց մասով կգործի հարկման այսպիսի համակարգ՝ տարեկան մինչեւ 9 մլն դրամով իրացման առավելագույն շեմով, առանց վարձու աշխատող ունենալու հնարավորության, միայն մեկ վայրում գործունեությամբ եւ սահմանափակ հնարավորությամբ: Ընտանեկան ձեռնարկատիրության մասով կգործի հետեւյալ հարկման համակարգը` բարձր՝ 18 մլն դրամ շրջանառության պայմաններում. «Այստեղ կարելի է ունենալ վարձու աշխատողներ, բայց պայմանով, որ լինեն ընտանիքի անդամներ»:
Հաջորդ`շրջանառության հարկման համակարգում, որտեղ 62-63 000 հարկ վճարողներ են ընդգրկված, հետեւյալ պատկերն է նկարագրվում. այս պահին, ըստ բանախոսի, իրացման շրջանառության առավելագույն շեմը 58, 35 մլն դրամ է, բայց նոր նախագծով առաջարկվել է ավելի բարձր 115 մլն դրամ շրջանառության մակարդակ:
Կարդացեք նաև
Հանրային սննդի ոլորտում հարկման եւ ԱԱՀ վճարողների եւ չվճարողների միջեւ գործարքների կարգավորումները`տեսանյութերում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ