Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի համար որոշ առումով ավելի դժվար կլինի Փաշինյանի հետ. Թոմաս դե Վաալ

Ապրիլ 01,2019 16:51

Մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հարցազրույց է տվել «Էխո Կավկազա» ռադիոկայանի վերլուծաբան Վադիմ Դուբնովին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

-Թոմաս, երկու ժամ՝ դեմ առ դեմ. Դա բավակա՞ն է լուրջ հարցեր քննարկելու համար: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ մասին կարող էին այդ ընթացքում խոսել Փաշինյանն ու Ալիևը:

-Իհարկե, երկու-երեք ժամը բավականին երկար է, բայց ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բոլոր կարևոր հարցերը քննարկելու համար անհրաժեշտ են ոչ թե ժամեր, այլ օրեր: Ավելին, սա Փաշինյանի ու Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումն էր, ոչ պաշտոնական ձևաչափով նրանք արդեն հանդիպել են, եթե չեմ սխալվում Դուշանբեում, Դավոսում, բայց այսպես լուրջ նրանք չէին հանդիպել: Նրանք նույնպես պետք է ծանոթանան, հասկանան երկու երկրներում ներքին դիրքորոշումները: Արդյունքում, իհարկե, երկու-երեք ժամը լավ է, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է շատ ավելին:

-Թոմ, ի՞նչ եք կարծում. նրանք պարզապես այսպես ասած ինվենտարիզացրե՞լ են օրակարգի բոլոր թեժ հարցերը, թե՞ կենտրոնացել են ինչ-որ սկզբունքային հարցերի վրա, մասնավորապես, այն բանի վրա, ինչով Փաշինյանը եկել էր Վիեննա, առաջի հերթին ղարաբաղյան պատվիրակությունը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար:

​-Դա արդեն դարձել է առանցքային հարց: Փաշինյանը պնդում է, որ ձևաչափը պետք է փոխվի. նա կարծում է, որ գործընթացը պետք է ընդլայնվի, որպեսզի դրանում ներառվեն Ղարաբաղի հայերը: Բաքուն սկզբունքորեն դեմ է դրան: Բայց պետք է նշել, որ Ղարաբաղի հայերը նախկինում՝ 90-ականների սկզբին, մասնակցում էին բանակցություններին: Այսօրվա ձևաչափը, որտեղ փաստացի ամեն ինչ որոշում են Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները, գոյություն ունի արդեն 20 տարի, երբ սկսեցին հանդիպել Քոչարյանն ու ավագ Ալիևը: Ես կարծում եմ, որ ձևաչափն ընդլայնել կարելի է, բայց անկասկած, այդ ժամանակ Ադրբեջանը կպնդի Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայությունը, և դա շատ երկար զրույց է: Սկզբունքորեն ես կարծում եմ, որ այդպիսի դեմ առ դեմ ձևաչափը հակամարտության լուծում չէ, որ պետք է լինի շատ ավելի կառուցվածքային, համալիր մոտեցում հակամարտության խնդրին, քան պարզապես երկու առաջնորդների պարբերական հանդիպումները:

Ես գիտեմ, որ Դուք բավականին սկեպտիկորեն եք վերաբերում այդ գործընթացում որևէ առաջընթացի այսօր՝ Հայաստանի հեղափոխությունից հետո: Ի՞նչ եք կարծում՝ այդ հանդիպումը պարզապես արարողակարգային հանդիպում էր հանդիպման համա՞ր, այսինքն «ավելի լավ է բանակցություններ վարել, քան բանակցություներ չվարել», թե՞ այնուամենայնիվ Մինսկի խումբը հույս ուներ ինչ-որ առաջընթաց գրանցել և զարգացնել այն դրական դինամիկան, որն առաջացել է Դուշանբեից ու Դավոսից հետո:

-Ես կարծում եմ, կարելի է ասել, սա գործընթացի վերսկսում է: Գործնականում 7-8 տարի է՝ լուրջ բանակցային գործընթաց չկա: Վերջին անգամ, երբ կողմերը բավականին մոտ էին լուծման, 2011թ. Կազանում էր, իսկ դրանից հետո մենք տեսել ենք հակամարտության վերսկսում, 2016թ. քառօրյա պատերազմ: Ես սկեպտիկորեն եմ վերաբերվում բեկում արձանագրելու հույսերին, բայց շատ դրական եմ վերաբերում նրան, որ բանակցություները վերկսկսվում են, որ նոր առաջնորդներն արդեն հանդիպում են: Դրական է նաև այն, որ անցյալ տարի ավելի քիչ կորուստներ են եղել շփման գծում: Ես կարծում եմ, որ պետք է ավելի մեծ համբերություն, որպեսզի գործընթացը զարգանա, և այդտեղ իհարկե բազմաթիվ հարցեր կան. արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է առաջին հերթին սպասել, քանի դեռ Հայաստանի զարգացնում է բանակցություններում նոր դիրքորոշում:

-Ի դեպ, հենց այդ մասին էլ պատրաստվում էի հարցնել. որքանո՞վ է Փաշինյանը դարձել իր ներքաղաքական իրավիճակի գերին:

-Ես կարծում եմ, որ Փաշինյանը չի շտապում, նրա համար, իհարկե, կարևորը ներքաղաքական իրավիճակն է. դա իշխանության ամրապնդումն է, ներքին բարեփոխումները: Բացի այդ, Ղարաբաղում շարունակում է մնալ նախկին վարչակարգը. դրանք մարդիկ են, որոնք մոտ են կանգնած Սերժ Սարգսյանին և նախկին իշխանություններին, իսկ դա նշանակում է, որ նրա համար դժվար է նրանց համոզել, որ պետք է ինչ-որ բան փոխել ղարաբաղյան գործընթացում: Նա չի շտապում, բայց նա նաև հասկանում է, որ այժմ հալեցման պահ է, որ ռազմական դրությունը բավականին հանգիստ է, և որ ինքը պետք է ապացուցի իր ինչ-որ բան անելու իր անկեղծ մտադրությունը: Բայց հենց ինչ կարող է նա անել՝ սա է հարցը:

-Այո, հենց դա էլ հարցն էր, բայց քանի որ մենք դրան պատասխան չունենք, այլ կերպ հարցնեմ. Փաշինյանի համար որոշ հարցերում ավելի բա՞րդ է, քան Սարգսյանի համար: Մի կողմից, այո՛, կա խթան, և Բաքվում անգամ որոշակի խանդավառությամբ են վերաբերում Հայաստանի հեղափոխությանը, բայց մյուս կողմից, հիմա Բաքվում որոշակի հիասթափություն է նկատվում Փաշինյանից, եթե նման եզրերը տեղին են: Ի՞նչ պետք է անի Փաշինյանը վանդեական այդ ակնկալիքների և վտանգի արանքում, որը կարող է ցանկացած պահի զարգանալ Հայաստանում:

-Այո՛, իսկապես, ես կարծում եմ, որ որոշ առումով Բաքվի համար դժվար կլինի պայմանավորվել Փաշինյանի հետ. նախ, նա մշտապես ասում է, որ ի՛նքը չի որոշում, այլ Հայաստանը և Ղարաբաղը, նշանակում է, ինքը այնպիսի ծայրահեղ դիրքորոշման կողմնակից չէ, որքան Սարգսյանը, որը հավակնում էր նրան, որ հենց ինքն է որոշում կայացնելու. սա մի հարց է: Եվ այն, որ Փաշինյանը, իհարկե, Հայաստանի Հանրապետությունից է, ոչ թե Ղարաբաղից, սա նույնպես, անկասկած, խնդիրներ է առաջացնում: Ադրբեջանում ընդունված է կարծել, որ Ղարաբաղն ու Հայաստանը միասնական են այն հարցում, ինչը վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, բայց, անկասկած, նրանց մոտ կան նաև տարբեր դիրքորոշումներ:

​-Որքանո՞վ է Բաքուն կապված իր վերջին տարիների կոշտ հռետորաբանությանը:

-Ես կարծում եմ, որ Բաքուն խիստ կապված է, որ հռետորաբանությունը վերջին տարիներին եղել է այդ մակարդակի վրա, եղել են հայտարարություններ, որոնցից շատ դժվար է հրաժարվել, հետ քաշվել: Չմոռանանք, որ բոլորովին վերջերս գործընթացներ եղան լրագրողներ Ռաուֆ Միրկադիրովի, Արիֆ և Լեյլա Յունուսների դեմ, որոնք այդ ժամանակ գործնականում մեղադրվում էին Հայաստանի լրտես լինելու մեջ, և հանկարծ բնակչությանն ասել, որ ամեն ինչ կլինի հակառակը, որ հայերի հետ խաղաղություն կլինի, իհարկե, այդքան էլ հեշտ չէ:

-Արդյո՞ք սեղանին դրված են որոշակի սկզբունքներ, ինչպիսիք էին մադրիդյանը, թե խոսքը հրդեհը հանգցնելու մասին է և խուսափելու այն ամենից, ինչ տեղի ունեցավ, օրինակ 2016թ. ապրիլին:

-Ես կարծում եմ, որ առանց միջազգային միջնորդների այդ հարցը չի լուծվի, բայց, իհարկե, ժամանակները նույնը չեն, և չի կարելի ասել, որ Վաշինգտոնն ու Մոսկվան այդքան լավ համագործակցում են: Բայց ինչ-որ միջազգային միջամտություն, այնուամենայնիվ, անխուսափելի է, և ես կարծում եմ, որ այդ մասին այժմ լուրջ քննարկումներ են ընթանում և՛ Եվրոպայում, և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում: Ես կարծում եմ, որ պլան «Բ» չկա: Իմ կարծիքով՝ ոչ մի այլ բան չեն մտածել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամենաբարդ հարցը լուծելու համար, և ես կարծում եմ, որ Մադրիդյան սկզբունքները չնայած ընդունված չեն, փորձում են այնուամենայնիվ լուծել այդ հարցը, այլ բան առայժմ չեմ տեսնում:

-Որևէ կերպով մոտենու՞մ են Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները:

Դժվար է ասել: Ցավոք, ես կարծում եմ, որ նրանք այնքան շատ այլ դժվարություններ ունեն, որ ցանկալի կլիներ, որ այս հարցում կարողանային գործակցել, բայց, իհարկե, ամեն ինչ ավելի է բարդանում:

Պատրաստեց  Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930