Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. կարևոր է հատկապես գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ունեցած դերի վերագնահատումը, քանզի հենց դրանք են տնտեսական աճի և զարգացման հիմնարար բաղադրիչները

Ապրիլ 01,2019 16:48

Ապրիլի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» միջազգային տնտեսական գիտաժողովին։

Իր ելույթում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակներին հասնելու ճանապարհին կարևոր է հատկապես գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ունեցած դերի վերագնահատումը, քանզի հենց դրանք են տնտեսական աճի և զարգացման հիմնարար բաղադրիչները:

Նորարար բիզնեսի տեսանկյունից Հայաստանն արդեն հաջողություն է գրանցել` կառուցելով արագ զարգացող և միջազգային շուկային կապված ծրագրավորման և ճշգրիտ ճարտարագիտության ծառայությունների կլաստերներ: Ծրագրային ապահովման/տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերը ներառում է ինչպես վերազգային մի շարք ընկերություններ, որոնք տեղակայված են Հայաստանում, այնպես էլ հայկական ընկերություններ, որոնք արդեն իսկ հաջողությամբ արտահանում են իրենց գործունեության արդյունքները և նորարարական տեխնոլոգիաներ ներդնում իրենց արտադրական գործընթացում:

Փոխվարչապետն ընդգծել է, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ու այդ ճանապարհը պիտի լինի ոչ թե զարգացած պետություններին հասնելու համար մրցավազքին մասնակցելը, այլ ավելի առաջանցիկ գաղափարների ստեղծումը և նորարարության զարգացումը: Այս նպատակին հասնելու գործում Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային կապիտալի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարությունն առաջնահերթություն է սահմանել կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։ Սա կարևոր է, քանզի արդյունաբերական չորրորդ հեղափոխության ժամանակ առաջնային են ոչ այնքան պետության ֆինանսական կամ բնական ռեսուրսները, որքան մարդու ստեղծարարությունը, տաղանդն ու աշխատասիրությունը և դրանք առարկայացնելու կարողությունը:

Տիգրան Ավինյանը կարծիք է հայտնել, որ նախանշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են նոր գործիքներ և գիտելիքահենք մոտեցում հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում։ Հանրային քաղաքականությունը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ դիտարկվել և քննարկվել է փաստերի և հնարավոր ազդեցության ողջ շրջանակը: Տվյալների հավաքագրման և վերլուծության նոր, ՏՏ վրա հիմնված գործիքները պարունակում են զգալի ներուժ՝ բարելավելու հանրային քաղաքականության արդյունավետությունը: Այս առումով կառավարությունը պատրաստվում է ներդնել տվյալների հավաքագրման, փոխանցման, մշակման նոր չափանիշներ: Տվյալների հասանելիության մեծացումը և շտեմարանների ստեղծումը, դրանց փոխգործելիության ապահովումը հնարավորություն կտան ինչպես պետությանը, այնպես էլ մասնավորին իր քաղաքականությունները կառուցել բացառապես փաստերի և տվյալների վերլուծության վրա:

Միաժամանակ, Տիգրան Ավինյանը հավելել է, որ նոր գործիքների կողմից ընձեռնվող հնարավորություններն օգտագործելու համար կառավարությանն անհրաժեշտ է մասնագիտական համայնքի աջակցությունը՝ հանրային քաղաքականությունը տեղափոխելու տեղեկացված երկխոսության տիրույթ։ Սա թույլ կտա կայացնել որոշումները՝ առավելագույնի հասցնելով սոցիալ-տնտեսական օգուտները և նվազեցնելով ռիսկերը:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ համաժողովը համագործակցության համար կարևոր հիմնաքար կդառնա` հնարավորություն ընձեռելով միջազգային գիտական համայնքին մասնակիցը դարձնել Հայաստանի տնտեսական և քաղաքական վերափոխմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930