Ապրիլի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երաժշտասերներին կներկայացնի ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մալերի երկացանկից մինչև այժմ հայ հանդիսատեսին ներկայացրել է թիվ 1, թիվ 5 և թիվ 6 սիմֆոնիաները։
9-րդ սիմֆոնիան Մալերը գրել է կյանքի վերջին տարիներին, երբ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սրտի անբուժելի հիվանդություն և խորհուրդ տվել հանգիստ կյանք վարել։ Սակայն կոմպոզիտորը պետք է մտածեր ընտանիքի մասին, ուստի ստիպված էր աշխատել ու շատ աշխատել։ Եվ որպեսզի հարազատներին որոշակի միջոցներ ապահովի, նա հրաժարվում է Վիեննայի արքայական օպերայի տնօրենի պաշտոնից և ընդունում Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի կողմից լավ վարձատրվող աշխատանքի առաջարկը։ Նոր աշխատանքի ծանր պայմանները և նրա խստապահանջ վերաբերմունքն իր գործին է՜լ ավելի ծանրացրին կոմպոզիտորի առողջական վիճակը։ Ահա այս իրավիճակում Մալերը գրում է իր 9-րդ սիմֆոնիան, որը հեղինակի վերջին ավարտուն գործն է։
Չորս մասից բաղկացած 9-րդ սիմֆոնիայի պրեմիերան կայացել է կոմպոզիտորի մահից հետո՝ 1912 թվականին Վիեննայում։ Սիմֆոնիայի առաջին կատարումը ղեկավարել է Մալերի աշակերտը՝ Բրունո Վալտերը։ Մեծակտավ այս գործն աշխարհում Մալերի ամենաշատ կատարվող և ձայնագրվող ստեղծագործությունն է։ Գուստավ Մալերի և համաշխարհային դասական երաժշտարվեստի այս գլուխգործոցը Հայաստանում, սակայն, հազվադեպ է հնչում։ Այն կատարման համար բարդագույն ստեղծագործություն է՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի մեծ կազմի համար։
Կարդացեք նաև
Մալերի 9-րդ սիմֆոնիայի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանությունը երաժշտասերները կարող են ունկնդրել ապրիլի 6-ին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Իսկ ե՞րբ կհնչեն Է. Հավհաննիսյանի սիմֆոնիաները …