«Ալիեւն օգտագործում է բանակցություններ բառը, իսկ Փաշինյանը՝ «հանդիպում», եւ այդպես բաց թողնում հարցը՝ դա բանակցությո՞ւն է, թե ոչ: Բացի այդ, Ալիեւը շեշտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախորդ հայտարարությունը, որ բանակցային ձեւաչափի փոփոխության փորձերն անընդունելի են, այսինքն՝ նա հասավ իր ուզածին»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով մարտի 29-ին կայացած Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպմանը, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ գուցե Ալիեւի ասածը չի համապատասխանում իրականությանը, բայց Փաշինյանն ինքն է դրել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի հարցը եւ պետք է պարզաբանի այդ առնչությամբ իրավիճակը:
Ստեփան Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների (շփման գծում վստահության եւ հետաքննության մեխանիզմների նեդրում, դիտորդների թվի ավելացում) մասին որեւէ ակնարկ չկա. «Հայկական կողմը պետք է պարզաբանի, թե այս հարցի շուրջ ինչ է կատարվում: Ինչո՞ւ դրանք գործընթացից դուրս թռան: Առանց դրանց՝ բանակցությունների փուլը սկսելն անիմաստ է»:
Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հայկական կողմը չպետք է համաձայնի բանակցությունների լիարժեք վերականգնմանը, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել նաեւ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/165313301040233/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ