Ապրիլի մեկն աշխարհում նշվում է, որպես Երգիծանքի օր։ «Հենարան» մամուլի ակումբի հյուր, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի խոսքով՝ երկար տարիների պատմություն ունեցող քաղաքական հումորը ագրեսիայի արտահայտման յուրատեսակ դրսևորում է։
«Կարևոր է հստակ տարբերել հումոր (երգիծանք) և հեգնանք (սարկազմ) հասկացությունները։ Հեգնանքի վերածված հումորը հիմնականում դժգոհության, վրդովմունքի, նույնիսկ ատելության արտահայտման միջոց է»,-ասաց նա։
Հոգեբանի պնդմամբ՝ քաղաքական հումորը կանխորոշիչ ուժ ունի, որքան շատ է ժողովուրդն ատում իշխանություններին, այնքան ավելի սուր են դառնում դրանց վերաբեյալ հումորները։ Այս պարագայում, որպես իշխանությունների հանդեպ իրական վերաբերմունքի արտացոլում, կարևորվում են ոչ թե ընդդիմության կողմից արված, այլ ժողովրդածին հումորները։
«Հեղափոխությունից առաջ երգիծական հումորը մեծ արդիականություն էր վայելում։ Այդ շրջանում ստեղծված սուր անեկդոտները, ծաղրանկարները, վիրավորական մականուններն արդեն կանխորոշում էին տվյալ իշխանության մոտալուտ վերջը»,-նշեց բանախոսը։
Կարդացեք նաև
Նրա պնդմամբ՝ քաղաքական հումորը մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա. «Քաղաքական սուր հումորներով աչքի էր ընկնում հատկապես Սերգեյ Դանիելյանը, որի հիմնած կուսակցությունը («Քաղաքական ակտիվ քայլ») այն շրջանում հստակ ընդգծում էր իշխանությունների հանդեպ ունեցած նեգատիվ վերաբերմունքը»,-ասում է հոգեբանը։
Հումորի միջոցով վերաբերմունքի ազատ արտահայտման հնարավորությունը հոգեբանը երգիծական դեմոկրատիայի արդյունք է համարում։ «Ամենասուր հումորներն ու քննադատությունները հնչել են Սերժ Սարգսյանի հասցեին։ Որքան էլ զարմանալի թվա, հենց այդ շրջանում է երգիծական հումորն առավել ազատ եղել»,-նշեց հոգեբանը։ Նրա խոսքով՝ իշխանությունների լուրջ վերաբերմունքը քաղաքական հումորի նկատմամբ կարող է անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու միջոց դառնալ։
Էլինա Ասատրյան