Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում լրատվամիջոցների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդլայնված ժողով, որի ժամանակ անձնակազմը հայտարարեց ապրիլի 26-ին թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթում սեփական թեկնածուն ունենալու մասին։ Իսկ թեկնածուն թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանն է (լուսանկարում)։
«Մենք մեր թեկնածուն ունենք, մենք պաշտպանում ենք մեր թեկնածուին և կարծում ենք, որ թատրոնն ավելորդ ցնցումներից, խնդիրներից հեռու պահելու համար ամենաճիշտ որոշումը սա է։ Լյուդվիգ Հարությունյանը տնօրեն աշխատելու փորձ ունի։ Մենք աջակցելու ենք նրան»,-ասաց ժողովրդական արտիստ Անահիտ Հարությունյանը։
Դերասանները նշեցին, որ իրենց դիրքորոշումը նախապես հայտնելու պատճառն այն է, որ երկու տարի առաջ զայրացրել էին իրենց՝ փորձելով թատրոն մտցնել ոչ ցանկալի թեկնածուի։
«Կարիք չկա ներկայացնելու թատրոնի վիճակը, թատրոնի մասին գիտեն և՛ նախարարությունում, ‘և իշխանություններում, թե ինչպիսի մթնոլորտում է աշխատում, ինչ բարձրունքների, ինչ սանդղակի է հասել, և դա մեր երիտասարդ ղեկավարների՝ Տիգրան Վիրաբյանի և Լյուդվիգ Հարությունյանի շնորհիվ։ Ճիշտ է՝ թատրոնը օրենք չունի, բայց չգրված օրենքով մեր աչքի առաջ կա թատրոն, որտեղ և՛ գեղարվեստական ղեկավարը և՛ տնօրենը նույնն մարդն է։ Առաջնորդվելով այդ փորձով՝ ճիշտ է նշում տիկին Անահիտ Հարությունյանը, որպեսզի ավելորդ ցնցումներ, ավելորդ խժդժություններ, պառակտումներ չլինեն թատրոնում, մենք առաջարկում ենք այն մարդուն, որը երկու տարուց ավելի տնօրենի կողքին լինելով գեղարվեստական ղեկավար՝ թատրոնը հասցրել է բարձր սանդղակի։ Մեր թեկնածուն միանշանակ Լյուդվիգ Հարությունյանն է», -ասաց վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը։
Վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն էլ ասաց, որ թատրոնը վերջին տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել շնորհիվ իրատեսական հայեցակարգերի, որոնք իրականություն են դառնում տքնաջան աշխատանքի շնորհիվ։
Ժողովրդական արտիստ Ռազմիկ Բադալյանն էլ նշեց, որ երկու երիտասարդներ՝ Տիգրան Վիրաբյանն ու Լյուդվիգ Հարությունյանը երկու տարի առաջ հեղափոխություն արեցին թատրոնում, երիտասարդացրեցին այն։«Տիգրան Վիրաբյանը գնաց մեզանից, բայց մեզ հետ է միշտ, թատրոնը շատ նուրբ օրգանիզմ է, եթե թատրոնում մի մարդ փոխվեց, որը կոլեկտիվի հետ համահունչ չեղավ, չի ստացվի։ Դրա համար մենք մեր թեկնածուն ունենք, թատրոնը չի կարող ուրիշ մարդ մտնի, մտավ թե չէ, թատրոնը կփլվի, եթե թատրոնի մարդ էլ չէ, եթե թատրոնի մարդ էլ լինի, կարող է ուրիշ կերպ մտածի, մենք կոլեկտիվով արդեն մտածում ենք Լյուդվիգ Հարությունյանի նման։ Եվ մենք ուզում ենք, որ ուրիշ միջամտություններ չլինեն, մենք ունենք մեր թեկնածուն և պաշտպանելու ենք նրա թեկնածությունը մինչև վերջ», -ասաց Ռազմիկ Բադալյանը։
«Այլ անձ այստեղ անելիք չունի»,-հայտարարեց թատրոնի անձնակազմը՝ հիշեցնելով, որ Գյումրու թատրոնի մասին աշխարհում նորից են սկսել խոսել․ այստեղ ամեն ինչ իդեալական վիճակում է՝ թե՛ կազմակերպչական հարցերը, թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը։
Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ եթե ինքը մասնակցի մրցույթի ու անցնի տնօրենի պաշտոնում, թատրոնում գեղարվեստական որակը չի տուժի, քանի որ թատրոնն ունի և՛ ռեժիսորներ, և՛ գեղարվեստական խորհուրդ։
Լյուդվիգ Հարությունյանը նաև նշեց, որ իրենք որևէ մեկին չեն ասում` մի մասնակցեք, մի առաջադրեք ձեր թեկնածությունը տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում, բայց իրենք անհանգստություն ունեն, որ հանկարծ նորից կփորձեն մարդ խցկել ու թատրոնին խանգարել։ «Հանկարծ նորից չփորձեն, կոպիտ բառ եմ ասելու, թատրոնում խցկվել, մեր դռները բաց են ստեղծագործող, հոգատար մարդու համար, ով կարող է անել այն, ինչ մենք արել ենք ու մի բան էլ ավել, բաց են դռները, բայց եթե պիտի գաս, փորձես, մենք փորձարկումների ժամանակ չունենք, մենք այդ ընթացքն անցել ենք արդեն», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ