«Ամսի 28-ին իմ եւ պարոն Օրբելյանի ընդհանուր արվեստագետ ընկերներից մեկը ինձ տեղեկացրեց, որ Օրբելյանը լավ չի զգում եւ առաջարկում է, որպեսզի ես զանգահարեմ: Ես զանգահարում եմ պարոն Օրբելյանին, հետաքրքրվում եմ, թե ինչպե՞ս է: Նա ասում է, թե ինչ է տեղի ունեցել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` հաստատելով, որ ինքը զանգահարել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատանքից հեռացված տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:
«Տեղեկացնում է, որ հաջորդ օրը հրավիրում է մամուլի ասուլիս: Որեւէ մեկնաբանություն չեմ արել, ասել եմ, որ տեղյակ չեմ եղել: Նաեւ տեղեկացրել եմ, որ միջամտություն ցուցաբերել չեմ կարող: Դա որեւէ կերպ միջամտության զանգ չէր»,- իր եւ Օրբելյանի հեռախոսազրույցից մանրամասներ պատմեց Լիլիթ Մակունցը:
Լիլիթ Մակունցը չմեկնաբանեց կատարվածը: Կոռեկտ չի համարում:
Aravot.am-ի հարցին`խոսակցություններ կան, որ Օրբելյանին հեռացնելու մասին քննարկումներն ավելի վաղ են եղել, եւ որոշումը կայացվել է հենց իր նախարար եղած շրջանում, Լիլիթ Մակունցը միայն կրկնեց, որ չի մեկնաբանում՝ չհերքելով խոսակցությունները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ