Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»: Թիմը նախապատրաստվում է Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Այսօր գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրատվամիջոցների համար կազմակերպված բաց մարզման ընթացքում հրապարակեց այն ինը ըմբիշների անունները, որոնք հավաքականի կազմում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Նրանք են. 57 կգ՝ Վաղինակ Մաթեւոսյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 74 կգ՝ Վարուժան Կաջոյան, 79 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 97 կգ՝ Սարգիս Հովսեփյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան:
Գլխավոր մարզիչը նշեց, որ կազմը որոշելիս առաջնորդվել են այն պայմանավորվածությամբ, որ հավաքականը համալրելու են Հայաստանի առաջնության չեմպիոնները: Սակայն նա ընդգծեց նաեւ, որ քաշային կարգերում, որտեղ կա մրցակցություն, մյուսներին իրենց կարողությունները ցույց տալու հնարավորություններ կընձեռվեն տարբեր միջազգային մրցաշարերում: Հաբեթնակ Կուրղինյանը կրկին անգամ ասաց, որ հավաքականում բնականոն սերնդափոխություն է իրականացվում, որ թիմում ընդգրկված երիտասարդները իրենց տարիքային խմբում արդեն տիտղոսներ են նվաճել ու Եվրոպայի այս առաջնությունը նրանց համար ոչ միայն փորձի ձեռք բերում է, այլեւ մեծահասակների մեջ նույնպես մեդալ նվաճելու համար պայքարելու հնարավորություն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ