«Ես ասել էի, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի բացատրություններ ստանամ, որովհետեւ բանակցություններում ես նոր մարդ եմ: Եվ իհարկե այս հարցը բարձրացրել եմ»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում: Վարչապետը, խոսելով Վիեննայում Ալիեւի հետ հանդիպման մասին, վստահեցրեց՝այդ հարցերը համանախագահների եւ Ալիեւի մոտ բարձրացրել է, բայց այդ հարցերի պատասխանները չի ստացել, քանի որ դրանք շատ ծավալուն են, եւ մեկ քննարկումով չի ավարտվի. «Սա նշանակում է, որ հետագայում պետք է քննարկենք, ու պատվիրակել ենք նաեւ արտաքին գործերի նախարարներին , ինչպես նաեւ համանախագահների հետ պետք է շարունակվեն այդ քննարկումները»:
Փաշինյանը, անդրադառանալով Վիեննայում իր եւ Ալիեւի հանդիպմանն ու բանակցային գործընթացի այլ մանրամասներին՝ նշեց հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու հարցը: Փաշինյանն ասաց, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել հումանիտար ոլորտում փորձել մի շարք միջոցառումներ իրականացնել, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն հումանիտար քայլերի համար, խաղաղության համար, բանակցությունների դրական ֆոնի համար.«Ուզում եմ ընդգծել, որ այս առումով շատ կարեւոր եմ համարում, որ համատեղ հայտարարության տեքստում հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլեւ արձանագրվեց, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի եւ առավել ուժեղացվի: Արդյոք նշանակո՞ւմ է, որ այս թեմայով մենք արդեն ամեն ինչ արել ենք: Ոչ, իհարկե: Բայց այն պրոցեսը, որը սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, վերահաստատվում է, եւ մենք, ըստ անհրաժեշտության, պետք է առավել մանրամասն քննարկենք թե էլ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք եւ ընթացիկ իրավիճակն առավել համապատասխանեցնենք հրադադարի ռեժիմին»:
Բանակցային գործընթացների մասին ադրբեջանական կողմի մեկնաբանություններում Փաշինյանը հին, իներցիոն բաներ է նկատել, որոնք իրականությունը չեն արտահայտում. «Ես կարծում եմ, որ մենք նոր մթնոլորտ ունենք բանակցություններում, նոր իրավիճակ ունենք բանակցություններում , նոր ասելիք ունենք բանակցություններում, նոր հեռանկարներ ունենք բանակցություններում, եւ նոր ըմբռնումներ ունենք բանակցություններում: Եվ անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ադրբեջանական կողմը խուսափի կամ վախենա այդ ճշմարտություններն ընդունելուց: Այս ճշմարտությունները չեն նշանակում կողմերից մեկի հաղթանակ կամ որեւէ մեկի պարտություն»:
Փաշինյանը հարցրեց՝ երբ Ղարաբաղն ընդգրկվի բանակցային գործընթացում, արդյո՞ք դա կլինի Ադրբեջանի պարտություն, եւ պատասխանեց՝ իհարկե, ոչ. «Որովհետեւ չի կարող որեւէ բանակցություն լինել արդյունավետ եւ բերել կարգավորման, եթե այդ բանակցային գործընթացում , կամ ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունեցող որեւէ կողմ դուրս է մնում բանակցային գործընթացից: Էլի եմ ասում՝ այս խնդիրը մեզ համար ոչ նախապայման է, ոչ քմահաճույք է: Սա արտահայտում է մեր հարգանքը բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ, որովհետեւ մենք ուզում ենք, որ մեր տեքստերն ու գործերը 100 տոկոսանոց համապատասխանեն իրար: Եվ եթե մենք ուզում ենք լուծել Ղարաբաղի հարցը, ուզում ենք խաղաղ կարգավորման հասնել, առաջին կարեւոր պայմաններից մեկը՝ անել դրա համար անհրաժեշտ նախապատրաստական քայլերը»:
Կարդացեք նաև
Վերջում Փաշինյանը վստահեցրեց՝ տնտեսության վերաբերյալ դրական արձագանքներ է լսում, եւ հիշեցրեց՝ չմոռանաք ՀԴՄ կտրոններ պահանջել ու տրամադրել.«Ասել եմ՝ պլանավորել ենք այս տարի բյուջեի եկամտային մասը 40 միլիարդով գերակատարել, եւ այդ մասով արդեն առաջին եռամսյակում ունենք շոշափելի գերակատարում, սա իհարկե ձեր շնորհիվ է, սիրելի քաղաքացիներ, նաեւ գործարարներ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ