Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ախպեր ջան, ոչ թե մենք վախենանք, այլ դուք վախեցեք, որ հարձակվեք, կարող է կորցնեք». Մարուքյանը մեկնաբանում է Տոնոյանի հայտարարությունը

Ապրիլ 01,2019 14:26

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին խոսելով՝ ասաց, որ ուզում են հասկանալ, թե սկզբունքների եւ 6 տարրերի հետ կապված ինչ փոփոխություններ կան. «Կփորձենք նաեւ գաղտնիության ռեժիմով տեղեկատվություն ստանալ, նոր Հայաստանում պետք է գոնեն խորհրդարանական ուժերը տեղյակ լինեն պրոցեսից»:

Հարցին՝ նոր փաստաթղթի հավանականություն կա՞, ճի՞շտ է, որ լինի նոր սկբունքներ, նոր տարրեր՝ Մարուքյանը պատասխանեց. «Կա բանակցությունների նախապատմություն, բայց տեղեկություն չունեմ՝ հին փաստաթուղթը հրամցվո՞ւմ է կողմերին բանակցելու»: Ըստ նրա, միանշանակ, պետք է գնալ նոր տարրերի եւ նոր սկզբունքների ձեւավորման վրա, բայց պետք է հաշվի առնել, որ դրանք հիմնված են Հելսինկյան ակտի հիման վրա, ակտը չի փոխվում, բայց սկզբունքները մեկնաբանվում են ըստ նրա, թե ով է ուժեղ, ով ուժեղ է, նրա օգտին էլ մեկնաբանվում են. «Գործընթացը նորացվում է: Նոր մոտեցումներ են բերվում Հայաստան եւ դա չի կարող ազդեցություն չունենալ բանակցությունների վրա»:

Հարցին՝ կողմերը պետք է հումանիտար քայլեր անեն, դա ո՞նց եք պատկերացնում այսօր՝ այս իրավիճակում՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես միշտ օրինակներ եմ բերում անցյալից, երբ ես իրավապաշտպանական գործունեությամբ էի զբաղվում, հիշում եմ, որ կարողանում էինք Ադրբեջանից իրավապաշտպանների հրավիրել, լրագրողների, մտավորականների խմբեր էին գալիս ՀՀ, վերջին տասը տարում դա դադարեցված է, որովհետեւ Ադրբեջանում հայատյացության աստիճանը շատ բարձր է: Այդ իրավիճակում ընդհանրապես չենք կարող, հնարավոր չի խոսել կոնֆլիկտի մասին, կոնֆլիկտի լուծումների մասին  խոսել: Վաղը ապրիլյան պատերազմի տարելիցն է եւ թարմ հետքերը մարդկային կորուստները, բարբարոսությունները, որոնք տեղի են ունեցել, դրանք իրենց ազդեցությունը թողնում են: Եթե մի տասը տարի չլինի որեւէ կրակոց, որեւէ զոհ շփման գծում, հասարակության համար ավելի հեշտ կլինի խոսել, բայց ունենք թարմ հետք՝ ապրիլյան պատերազմ, մարդկանց գլուխներ են կտրել ու մարդիկ խոսում են խաղաղության մասին, մեր ժողովուրդը կհասկանա՞ նրանց: Սկսում են չհասկանալ: Ես հնարավոր համարում եմ հումանիտար այդ քայլերը, եթե երկարատեւ խաղաղություն լինի շփման գծում, սնայպերները հետ կանչվեն, կրակոցներ չլինեն, զոհեր չունենանք: Երկարատեւ խաղաղություն է պետք, որ շփումները վերականգնվեն: Ամեն դեպքում մենք կողմ ենք նմանատիպ երկուստեք այցերին ու նման նախաձեռնություններին, որեւէ ադրբեջանցի, որ եկել է ՀՀ, այստեղ չի հետապնդվել»:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որտեղ «տարածքներ խաղաղության դիմաց» արտահայտությունը վերաձեւակերպել է՝ «տարածքներ՝ նոր տարածքների դիմաց» ձեւակերպմամբ՝ Մարուքյանը պատասխանեց. «Տարածքներ խաաղության դիմաց բանաձեւը մեր բանաձեւը չի եւ չի եղել երբեք, Ադրբեջանի բանաձեւն է, որը մեզ փորձել են հրամցնել, մենք էլ ասում ենք, ախպեր ջան, մենք էլ այս ձեւով կարող ենք մեկնաբանել, ոչ թե մենք վախենանք, այլ դուք վախեցեք, որ հարձակվեք, կարող է դուք կորցնեք»: Նա ասաց, որ պետք է հասկանալ՝ ՊՆ նախարարի հայտարարությունը եւ Փաշինյան-Ալիեւ հանդիպումն իրար հետ որքանո՞վ են կապված. «Ես կարծում եմ, իրար հետ կապված պետք է լինեն: Բայց դրա հետ կապված, վստահ եմ, իշխանությունները պետք է տան մեկնաբանություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել