Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Մեկ ամիս շարունակ գազավորված ըմպելիք արտադրողները վնասներ կրեցին

Ապրիլ 01,2019 13:30

Գազավորված ըմպելիք արտադրողների բողոքը տեղ հասավ: Երկու օր առաջ կառավարության պատասխանատուները` վարչապետից սկսած` հայտարարեցին` արտադրողները ճիշտ էին, մենք սխալվեցինք:
Նիկոլ Փաշինյանը գազավորված ըմպելիքների հարկման մասին խոսեց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին:

Ազգային ժողովում վարչապետն ասաց. «Մենք քննարկել ենք եւ եկել ենք այն եզրակացության, որ այդ հարցում ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են: Մեր գաղափարն այն էր, որ շաքարի որոշակի պարունակություն ունեցող ըմպելիքների դեմ մենք պետք է պայքար տանենք, որովհետեւ դա ուներ նաեւ առողջապահական նպատակներ: Հետո պարզվեց, որ այլ նյութ էլ կա, որն օգտագործվում է քաղցրությունն ապահովելու համար: Դա ասպարտամն է: Հետո շատ ճիշտ փաստարկ հնչեց` բա կոնֆետը, պեչենին եւ այլն: Մենք հիմա մտածում ենք, որ առողջապահական ընդհանուր քաղաքականության շրջանակում ծխելը, շաքարի օգտագործումը խնդիր է, որին պետք է անպայման անդրադառնանք: Բայց այս փուլում մենք որոշեցինք այս տարբերակն ընտրել»:

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ակցիզային հարկով հարկել 100 գրամ ծավալում 5 եւ ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Հետո, սակայն այդ դրույթը հանվեց եւ փոխարենը նախատեսվում էր հարկել բոլոր գազավորված ըմպելիքները` բացառությամբ հանքային ջրերի: Սա առաջացրել էր գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների դժգոհությունը, որոնց հարյուրավոր աշխատակիցներ մեկ ամիս շարունակ բողոքի ցույցեր արեցին` կառավարության պատասխանատուներին կոչ անելով հետ կանգնել այդ մտադրությունից, քանի որ հարկման բեռի ավելացման պարագայում արտադրանքը մոտ 70 դրամով թանկանալու էր, իսկ այդ դեպքում տեղական արտադրողների արտադրանքն, ըստ ընկերությունների տնօրենների, ուղղակի չէր դիմանալու մրցակցությանը եւ շուկայից դուրս էր մղվելու, իրենց արտադրամասերն էլ փակվելու էին:

«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր եւ եւս երեք տնտեսվարողի հանդիպումը տեղի է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ երեք նախարարների հետ` առողջապահության, տնտեսական զարգացման եւ ներդրումների ու ֆինանսների նախարարի ու փոխնախարարի: Կառավարության պատասխանատուները լսել են տնտեսվարողների հիմնավորումները եւ համոզվել, որ օրինագիծը, որ փորձում են կյանքի կոչել, ըստ պարոն Հովսեփյանի, հապճեպ է. «Խոսակցությունը կոնստրուկտիվ էր, բացատրական: Շաքարը փոխարինել են ասպարտամով, ասպարտամը փոխարինել են ընդհանրապես գազավորվածով, խառնել են ամբողջն իրար: Բացատրեցինք` ասպարտամը առողջությանը վնաս չի պատճառում, նույնն ասաց նաեւ առողջապահության նախարարը: Այսինքն` վնասակարության հոդվածի տակ այս օրինագիծն անցկացնելը դառնում էր ծիծաղելի: Պատճառաբանում էին, որ վնաս է պատճառում դրա համար ենք ակցիզը կիրառում, չէ որ ակցիզը կիրառելու համար պետք է հիմնավորում բերեն, ակցիզը կիառվում է այն դեպքում, երբ սպառման ապրանքը իրենից վտանգ է ներկայացնում, օրինակ` ծխախոտը, ալկոհոլային խմիչքները եւ այլն: Ֆինանսական բլոկում այդ ինֆորմացիան չլսելու էին տալիս, բայց փոխվարչապետի մոտ ամեն ինչ բացատրեցինք ու հասկացան: Մհեր Գրիգորյանը լսելուց հետո հայտնել է, որ որոշել են հանել շրջանառությունից: Այս հարցին կանդրադառնան ապագայում»:

Պարոն Հովսեփյանի խոսքով, իրենք, որպես գործարարներ, պատրաստակամություն են հայտնել աշխատել կառավարության մասնագետների հետ եւ ցանկացած հարցում համագործակցել.

«Իրականում գովելի է, որ կառավարությունն ականջալուր եղավ մեր բողոքին: Եթե չբողոքեինք, չէին հասկանա խնդրո առարկան ինչում է կայանում եւ այս օրինագիծը կբրդեին առաջ ու ոչ ոք չէր հասկանա էությունը, լավ է, որ իրենք ըմբռնումով մոտեցան: Մենք շարունակելու ենք նույն պայմաններով ու ավելի լավ աշխատել»:

Գազավորված ըմպելիքների հարկման դրույթը հանելու մասին հայտնեց նաեւ ֆինանսների նախարարությունը` նշելով, որ «Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկա փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկության հետագա քննարկումից եւ այն հանել հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծից»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930