Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատմեց Արցախ կատարած այցի մասին: Նա ասաց, որ Արցախ այցը կարճատեւ էր, բայց շատ հագեցած էր: Նա վերահաստատեց, որ Արցախը քաղաքական հարթության մեջ ՀՀ-ի հետ երբեւիցե չի ունեցել չլուծված խնդիրներ, ու այս փոփոխություններից հետո անհրաժեշտ էր անկեղծ, ազնիվ, եղբայրական մթնոլորտում ոչ միայն ունենալ զրույցներ, այլեւ պլանավորել գործողություներ, որոնք մեր երկու պետությունների ոչ միայն համագործակցությունը կհզորացնեն, այլեւ մեր ընթացքը թե՛ քաղաքական, ռազմաքաղաքական, արտաքին քաղաքականության:
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ, խոսելով Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին՝ ասաց, որ երեկ են վերադարձել Արցախից, չեն հասցրել դեռ խոսել Փաշինյանի հետ, բայց մի բան ակնհայտ է՝ նոր փաստաթուղթ, հստակ բովանդակային փուլ դեռ չկա. «Խոսում են բանակցություններից, բանակցություների վերաբերյալ միմյանց ընկալումներից: Կապված հումանիտար միջոցառումների հետ, վարչապետը դրա մասին խոսել է Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպմանը, հստակություն այս պահին չկա, բայց խոսքը հավասարաչափ երկկողմանի ակցիաների մասին է, որն ուղղված կլինի փոխվստահության մակարդակի բարձրացմանը»:
Խոսելով Բակո Սահակյանի հետ վարչապետի հեռախոսազրույցի մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Վիեննա գնալուց առաջ նրանք խոսել են, բանակցություններից հետո նույնպես կոնտակտ է եղել, մանրամասնության չեմ տիրապետում, բայց ես հասկացա, որ մտահոգվելու ոչ մի բան չունենք: Նոր գաղափարախոսություն է ներկայացված, եւ ժամանակ է պետք, որ այն հստակ վերածվի կոնկրետ առաջարկի եւ փաստաթղթի»: Թե ինչ գաղափարախոսության մասին է խոսքը, Քոչարյանն ասաց, որ Փաշինյանի կողմից Ստեփանակերտում հնչեցված գաղափարախոսության մասին է խոսքը:
Ռուբինյանի խոսքով՝ տարիներ շարունակ այլ մեկնաբանություններ են եղել եւ պետք չի ակնկալել, որ մի հանդիպման արդյունքում այդ մեկնաբանությունները հստակեցվելու են, շարունակական գործընթաց է դա. «Պետք չէր ակնկալել, որ մեկ հանդիպման ընթացքում դարակազմիկ ինչ-որ բան պետք է եղած լիներ այդ հարցում»: Մեր հարցին՝ այդ հանդիպման ՕԳԳ-ն բա՞րձր էր, թե՞ ցածր, ինչպե՞ս եք գնահատում՝ Ռուբինյանը պատասխանեց. «Սա կարեւոր հանդիպում էր այն առումով, որ մեր կողմից վերջին հաշվով հնչեցվել են տրամաբանական թարմ գաղափարներ, մոտեցումներ եւ հենց այդ համատեքստում էր, որ տեղի ունեցավ այդ հանդիպումը: Բայց սա մի շարք հանդիպումներից մեկն էր, սա արագ գործընթաց չէ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ