Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի փաստարկները բանակցություններում. «Ծնունդով ղարաբաղցի չեմ,  Ղարաբաղի լիդերներից  չեմ եղել, ստացվում է, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից»

Ապրիլ 01,2019 13:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահի  հետ հանդիպմանն է անդրադարձել ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերով: Վարչապետը կրկնեց՝  դրական է գնահատում այդ հանդիպումը եւ գտնում է, որ նոր մշակույթ պետք է մտցնեն այս հանդիպումներում. «Նախ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ եւ պարտվողներ: Իմ կարծիքով շատ կարեւոր է, որ հանդիպումներից հետո կողմերն իրենց մեկնաբանություններում նախ հնարավորինս այն տրամաբանությամբ առաջնորդվեն, որ ոչ թե դիմացի կողմին այսպես ասած՝ վատ վիճակի մեջ դնեն, այլ 100 տոկոսով հավատարիմ մնան բանակցային տրամաբանությանը եւ ճշմարտության ոգուն»:

Այս հարցը Փաշինյանը ներկայացրել է նաեւ հանդիպման ժամանակ, եւ պատկերավոր ներկայացրեց՝ ասենք նախագահները հանդիպում են, ժամերով բանակցում, բայց հետո սկսվում են մեկնաբանություններ, որոնք առնչություն չունեն բանակցությունների հետ:

Եվ քանի որ ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք, ինչպես Փաշինյանն ասաց, դուրս են համատեղ հայտարարության շրջանակից, պարզաբանման կարիք ունի: Փաշինյանն ասաց՝ բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է մոռանալ հին տեքստերը, որոնք ժամանակի հետ ցույց են տվել իրենց անարդյունավետությունը եւ պետք է նոր մոտեցումներով առաջնորդվել բանակցային գործընթացում .«Եվ սա այն է, ինչ այսօր Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է»:

Փաշինյանն այդ բանակցությունների երեք հարց առանձնացրեց. նախ վերահաստատեց, որ բանակցության գնացել է Ստեփանակերտը որպես բանակցային կողմ ներգրավելու օրակարգով:

«Հիմա ինչ է տեղի ունենում. Ադրբեջանը հիմա փորձում է ցույց տալ, որ այս քննարկումներից հաղթող է դուրս եկել, ասելով՝ բանակցությունների ֆորմատը չի փոխվել:  Սա  կոռեկտ չէ: Նախ, բանակցություններին Ղարաբաղի մասնակցությամբ մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո բանակցությունների ֆորմատը կասկածի տակ չէ: Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատն՝ ըստ էության»,-ասաց Փաշինյանը:

Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցող կողմ, եւ ինչպես Փաշինյանն ասաց, Մինսկի խմբի ձեւավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում.«Այս առումով, բնականաբար, մենք ֆորմատի  փոփոխության հարց չենք դնում»:

Փաշինյանը վստահեցրեց՝ Վիեննայում քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը, եւ լրջորեն փաստարկել են այս տեսակետը, եւ իհարկե, կողմերը չեն եկել համաձայնության.«Արդյոք սա նշանակում է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ: Իհարկե՝ ոչ: Այս թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք»:

Փաշինյանը փաստարկներ բերեց, հիշեցնելով՝ 2008 թվականից Ղարաբաղը ներկայացված է եղել.«Որովհետեւ հիմա շատ են ասում, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից 1998 թվականից հետո դուրս է մղվել: Այո, ֆորմալ առումով այդպես է, բայց 1998-ից 2018 թվականները Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավված է եղել, որովհետեւ  այդ գործընթացում Հայաստանը ներկայացրել են մարդիկ, որոնք իրենց կենսագրության փուլում եւ ընդհանրապես կարող էին համարվել…. եղել են Ղարաբաղի լիդերներ եւ կարող էին նաեւ ինչ-որ առումով, այդպես համարվել: Համենայնդպես, Ղարաբաղի ժողովուրդը կարող է համարել, որ ներկայացված է եղել: Մեր փաստարկն այն է, որ մինչեւ 1998 թվականը եւ դրանից հետո Ղարաբաղը ներկայացված է եղել եւ հիմա, այն փաստի բերումով, որ ես ծնունդով ղարաբաղցի չեմ եւ Ղարաբաղի լիդերներից մեկը չեմ եղել, ստացվում է, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից»:

Փսշինյանը վստահեցրեց՝ այս ամենի մասին Վիեննայում խոսվել է, եւ հայկական կողմը շատ լուրջ փաստարկներ ունի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930