Ապրիլի 1-ի առավոտյան մշակութային գործիչները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Օպերային թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ։ Ցույցի մասնակիցներից ճանաչված դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց, որ այս պահին բավարարված են վարչապետի հետ հանդիպումով:
Նրա խոսքերով, վարչապետը երաշխավորել է. «Դրսից որեւէ մեկի վրա չի դրվի Ազգային օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները, բացի օպերային թատրոնի փոխտնօրենից` մինչ այն պահը, երբ կստանանք օրենքի այն կետերը, խնդիրները, որոնք այսպես կոչված կային, որոնք մշակույթի նախարարությունը ներկայացրել է վարչապետին»:
Հարություն Արզումանյանն ընդգծեց, որ իրենք էլ իրենց հակափաստարկներն են ներկայացնելու, իսկ այժմ տնօրենի պարտականությունները դրվում են փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի վրա, որի հետ Կոնստանտին Օրբելյանն այս պահին դեռ աշխատում է որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար:
«Փաստարկների որոշ մասը չի համապատասխանում իրականությանը: Պարոն վարչապետն էլ ասաց` եթե պարզվի, որ այդ փաստարկների թեկուզ մեկ կետը կեղծ է, ներկայացնողն անմիջապես կպատժվի եւ կազատվի աշխատանքից»,-լրագրողների հետ զրույցում ասաց դիրիժորը:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Մշակույթի գործիչները շարունակում են պնդել մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Հարություն Արզումանյանը հայտնեց, որ առայժմ կշարունակեն աշխատել, մինչեւ իրենց հարցի պատասխանը տրվի, եւ փաստեց, որ թեեւ Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, թե ապրիլի 1-ին ներկայացնելու է Ազգային օպերային թատրոնի նոր տնօրենին, որեւէ մեկը չի ներկայացվել:
Մանրամասն` տեսանյութում
Դիրիժորն ասաց, որ Էդուարդ Թոփչյանն ու Հասմիկ Պապյանը հերքել են մամաւոլում շրջանառվող այն լուրերը, թե հավակնում են կամ իրենց առաջարկվել է Ազգային օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը. «Պարոն Թոփչյանը, որ իմ լավ կոլեգան է, նման նպատակ չի ունեցել, ինքն իր նվագախմբի հետ հոյակապ աշխատում է, բացի այդ ինքը մամուլից է այդ մասին տեղեկացել… Իսկ Հասմիկ Պապյանին, որը մեր փառահեղ երգչուհին է, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել, այդ հարցով չեն էլ դիմել»:
Ինչ վերաբերվում է դիրիժոր Կարեն Դուրգարյանի հավակնություններին, Հարություն Արզումանյանը կոչ արեց հենց նրանից ճշտել:
Ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի հազարավոր ստորագրություններ են հավաքվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
էս թեման ահավոր շատ շահարկվեց։ Երբ աշխատանքից հեռացրին Օհան Դուրյանի,ն Տիգրան Լևոնյանին, Արամ Ղարաբեկյանի,ն էսքան շուխուր ոչ մեկը չբարձրացրեց։ Իսկ տեսեք, տեսեք, Օրբելյանի երկու պաշտոններից թողնում են միայն մեկը ու ահա, դարձրին հայոց համազգային հարց։ Միշտ գրում էին, որ օպերան Հայաստանի ամենամեծ ՊՈԱԿն է (600 թե քանի աշխատող), որտեղ կան լիքը «մեռած հոգիներ», որ տարիներ շարունակ դրսրեում ապրելով՝ բարձր աշխատավարձ են ստանում։ Էդ երևույթին վերջ տվե՞ց պարոն Օրբելյանը։ Լավ չէ՞ր լինի ինքը մնար որպես գեղարվեստական ղեկավար, իսկ ախոռը մաքրելու գործով զբաղվեր մի ոչ արվեստագետ։