Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գործուղում՝ սեփական նպատակների համար

Ապրիլ 01,2019 13:00

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ այս տարվա մարտի 14-ի 99-Ա որոշմամբ, Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը երեք ամսով գործուղվել է Լեհաստան՝ լեհական «Կշիշտոֆ Սկուբիշեւսկի» հիմնադրամի հրավերով, ուսումնագիտական հետազոտություն իրականացնելու նպատակով: Այս նախադասության մեջ առանցքային բառերն են՝ գործուղվել եւ հրավեր:

Կշիշտոֆ Սկուբիշեւսկին Լեհաստանի արտաքին գործերի նախարարն է եղել 1989-1993 ժամանակահատվածում, իրավաբան է: Մահացել է 2010 թվականին: Մահվանից հետո նրա հարազատները հիմնադրել են «Կշիշտոֆ Սկուբիշեւսկի» հիմնադրամը, որը դրամաշնորհային-կրթաթոշակային ծրագրեր է իրականացնում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Բալկանների, Բալթյան երկրների, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան երկրների քաղաքացիների համար, իրավագիտության, քաղաքական գիտությունների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Այլ խոսքով, Վահան Հունանյանը կրթաթոշակ-դրամաշնորհ ստանալու հայտ է ներկայացրել ու շահել: Պետությունը նրան չի պատվիրել Լեհաստանում ուսումնագիտական հետազոտություն իրականացնել: Նա ինքն է ցանկացել մեկնել: Հիմնադրամն էլ նրա հայտն ընդունել է եւ հրավիրել եռամսյա (ապրիլ-հունիս) դասընթացի: Հունանյանը ֆիզիկոս եւ եվրոպագետ է, գիտի չորս լեզու, այդ թվում՝ լեհերեն եւ շատ լավ է, որ փորձում է հարստացնել սեփական գիտելիքները: Բայց այստեղ առնվազն տեղին չէ պետական գործուղումը: Լեհական հիմնադրամը ուսումնասիրում է ստացված հայտը, ոչ թե հայտատուի պաշտոնը: Վահան Հունանյանի հայտը ընտրվել է անկախ նրա աշխատանքի բնույթից կամ զբաղեցրած պաշտոնից: Այլ խոսքով, «Կշիշտոֆ Սկուբիշեւսկի» հիմնադրամը հրավիրել է ՀՀ քաղաքացի Վահան Հունանյանին: ՀՀ կառավարությունն այստեղ կապ չունի ու բնականաբար՝ կառավարական-պետական գործուղումը, առնվազն, պաշտոնական լիազորությունները չարաշահել է նշանակում: Գործուղման դեպքում գործատուն, Վահան Հունանյանի դեպքում՝ պետությունը, պետք է վճարի գործուղվածի աշխատավարձը գործուղման ողջ ժամանակահատվածի համար: Բայց պետությունը փոխվարչապետի մամուլի քարտուղարին չի լիազորել ուսումնագիտական հետազոտություն իրականացնել: Վահան Հունանյանը կարող էր արձակուրդ գնալ՝ մոտ մեկ ամիս եւ իր հաշվին արձակուրդ վերցնել՝ առավելագույնը՝ 60 օր: Ստացվեց երեք ամիս՝ այնքան, որքան պետք է «Կշիշտոֆ Սկուբիշեւսկի» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով հետազոտություն իրականացնելու համար: Բայց Տիգրան Ավինյանը գործուղել է Վահան Հունանյանին, որ նա շարունակի աշխատավարձ ստանալ: Վահան Հունանյանը պարտավոր չէ դրսում հետազոտություն իրականացնելուց հետո վերադառնալ եւ աշխատել Հայաստանի Հանրապետության պետական օղակներում: Ու ստացվում է, որ Վահան Հունանյանը լեհական հիմնադրամի հաշվին երեք ամիս կապրի Լեհաստանում, Հայաստանում աշխատավարձ կստանա եւ հնարավորություն ունի դրսում ճանաչված դառնալ եւ աշխատել միջազգային ծրագրեր իրականացնող կառույցներում: Եվ սա Տիգրան Ավինյանի շնորհիվ: Ի՞նչ է սա, եթե ոչ պաշտոնական լիազորությունների չարաշահում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ազգովի արդեն շատ եք մանրանում: Լրատվամիջոցներն էլ կարծես նյութի ու տեղեկությունների պակաս ունեն: Մի քիչ սթափվեք և ավելի լուրջ թեմաներից գրեք:
    Նախորդ իշխանություններին շատ հեշտ ու արագ մոռացաք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930