Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը 2 խնդիր էր դրել եւ դրանք լուծեց իր համար». Արա Պապյան

Ապրիլ 01,2019 13:05

«Ալիեւը երկու խնդիր ուներ եւ դրանք լուծեց իր համար: Նրա խնդիրն էր ցույց տալ, որ բանակցություններն ընթանում են նախկին՝ իր նախընտրած (առանց Արցախի լիարժեք կողմ լինելու)ձեւաչափով, եւ որ դրանք եղել են բանակցություններ: Կարծում եմ՝ Ադրբեջանն առաջիկայում կկոշտացնի դիրքորոշումը»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպմանը, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Մեկնաբանելով հանդիպումից հետո Ալիեւի այն հայտարարությունը, որ կողմերը պետք է նաեւ մարդասիրական նախաձեռնություններով հանդես գան, Պապյանը շեշտեց՝ հավանաբար, Ադրբեջանի նախագահը նկատի է ունեցել մարդկանց փոխանակումը. «Բայց քանի դեռ Ադրբեջանն իր քաղաքացիների համար չի հստակեցնում, որ քաղաքացու եւ զինվորի միջեւ տարբերություն կա, որ հումանիտար սկզբունքները պետք է պահպանվեն, հայկական կողմն ավելի պետք է շեշտի մարդասիրական իրավունքի ոտնահարման դեպքերը, այդ թվում՝ հայ քաղաքացիական անձանց սպանություններն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, մեր զինվորների դիակների պղծումը»:

Ըստ Արա Պապյանի՝ մարդասիրական նախաձեռնության անվան տակ Ադրբեջանում հերթական սաֆարովյան գործողությունն են փորձում իրականացնել՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փորձելով փոխանակել Արցախում դատապարտված եւ պատիժը կրող դիվերսանտների հետ. «Եթե այդպես լինի, մեր քաղաքացիական անձինք կհավասարվեն դիվերսանտների հետ, իսկ Ադրբեջանն իր քաղաքացիներին ուղերձ կհղի, որ պետք է գնալ-սպանել-մորթել: Ադրբեջանում շարունակվում է մարդասպանության հերոսացումը, ամեն հայ դիտարկվում է որպես թշնամի: Սա հակասում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչերին: Մեր քաղաքացի Կարեն Ղազարյանը հանցանք չէր գործել Ադրբեջանի դեմ՝ ի տարբերություն դիվերսանտների, որոնք մարդկանց են սպանել, այդ թվում՝ պատանու, որը զինվոր չի եղել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում.

https://www.facebook.com/aravot.am/videos/165313301040233/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930