Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մեկնարկել է միջազգային տնտեսական գիտաժողովը՝ առաջատար գիտնականների մասնակցությամբ

Ապրիլ 01,2019 12:42

Այսօր «Կամար» բիզնես կենտրոնում մեկնարկել է միջազգային տնտեսական երկօրյա գիտաժողովը՝ տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով: Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել տնտեսության կայուն և արդյունավետ զարգացման հեռանկարը՝ քաղաքականության, տնտեսության և նորարարությունների պրիզմայի ներքո:

Տնտեսական գիտաժողովի պաշտոնական մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպական Միության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ Պատվիրակության ղեկավար  Պյոտր Սվիտալսկին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը: Ներկա են եղել նաև ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, կառավարության, միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ հյուրեր:

Միջազգային տնտեսական գիտաժողովը համանախագահում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը և Կիելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Թոմաս Լուքսը: Թոմաս Լուքսը Գերմանիայի կառավարության խորհրդատու է, որը հայտնի է նաև տնտեսության զարգացման միտումների ճշգրիտ կանխատեսումներով:

Երկօրյա գիտաժողովի արդյունքում, դիտարկելով նաև Հայաստանի օրինակը, անվանի մասնագետները կքննարկեն տնտեսության զարգացման արդյունավետ ուղիները, այնուհետև համապատասխան ծրագիր կներկայացնեն կառավարությանը:

Գիտաժողովի շրջանակում դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեկ փորձագետ Դիդիեր Սորնետը: Տեսակապով գիտաժողովին կմիանա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոստոնից, որը Ուոլլ Սթրիթի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը:

Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչներ, գիտական աշխատողներ և փորձագետներ:

Միջազգային տնտեսական գիտաժողովն իրականացվում է Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ Կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Միջազգային տնտեսական համաժողովի գործընկերն է Ամերիաբանկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930